Ուզում ենք աշխատել, հո ձրիակեր չե՞նք․ Խաղատան աշխատակիցը Կառավարությանը խնդրում է 4-ամսյա դադարից հետո թույլ տալ աշխատել
Ակումբների, խաղատների մոտ 1000 աշխատակիցների անունից Կառավարության շենքի մոտ այսօր միայնակ բողոքի ակցիա անելու էր գնացել Գարիկ Կիրակոսյանը՝ խնդրելու, որպեսզի թույլատրեն՝ այդ ոլորտի աշխատակիցները ևս աշխատեն։
«Ոստիկանության ներկայացուցիչն ասաց, որ մասսայական ակցիաներն ու միջոցառումներն արգելված են, ու հորդորեց օնլայն տարբերակով դիմումն ուղարկել Կառավարություն։ Եթե պատասխան չլինի՝ կրկին գնալու եմ։ Ես խաղատներից մեկում եմ աշխատում, սակայն կորոնավիրուսի համաճարակի հետևանքով մարտի 21-ից տանն եմ։ Պետության կողմից սոցիալական աջակցության որևէ ծրագրից չեմ կարողացել օգտվել։ Կետերը լրացնում ես, ասում են՝ դուք մերժված եք,- մեզ հետ զրույցում ասաց Գարիկ Կիրակոսյանը՝ հավելելով,- Եթե սահմանափակումներ կան, ապա դրանք թող լինեն բոլորի համար։ 4 ամիս է՝ չեմ աշխատում։ Խաղատների տնօրեններն իրենց աշխատողներին գումար ու սնունդ են տվել որոշ ժամանակ։ Հիմա ուզում ենք աշխատել, հո ձրիակեր չե՞նք։ Թող օրենքը բոլորի համար գործի, ոչ թե թողնեն մի խավը աշխատի, մյուսը՝ ոչ»։