«Խմբակային բռնաբարություն և կողոպուտ իրականացրած անձի ընդամենն անցյալը հիշեցնելու մեջ լկտիության որևէ նշույլ անգամ չկա». Լոռու մարզպետ

«Ես գտել եմ, ճիշտ եմ համարել, որպեսզի կիսվեմ, որ բոլորը տեղյակ լինեն, և այն քաղաքական գործիչը, որը համախմբման կոչ է անում, պետք է, կարծում եմ, այդ դրվագին համենայն դեպս մեր քաղաքացիները տեղյակ լինեն»,- ասաց Լոռու մարզպես Անդրեյ Ղուկասյանը՝ անդրադառնալով ֆեյսբուքյան իր էջում տեղադրված՝ 41 տարի առաջ կայացված դատավճռին, որն առնչվում էր ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին:

Հարցին, թե քաղաքացիների մի մասը նորմալ չի համարում 41 տարի առաջ եղած գործն այսօր թարմացնելը, Ղուկասյանն ասաց, թե դա քաղաքացիների գործն է: Ըստ մարզպետի՝ ինքն  այդ տեղեկությունը վերցրել է լրատվական կայքերից:

Պատասխանելով մեկ այլ հարցի, թե արդյո՞ք տեղյակ է Լոռու մարզպետը, որ այդ որոշումից հետո եղել է մեկ այլ որոշում, որով Գագիկ Ծառուկյանն արդարացվել է, Անդրեյ Ղուկասյանը դրական պատասխան տվեց:

«Տեղյակ եմ և դատական գործը՝ թվականը տեսնելով, կարծում եմ, որ դա հետագայում ուղղակի անցյալը մաքրելու համար իրականացված պրոցես է, և կարծում եմ, որ դատավորներն այդ ընթացքում անաչառ չեն գտնվել»,- ասաց մարզպետը՝ հավելելով, որ իրենց չի հետաքրքրում, որ արդարացման դատավճիռը կայացնող դատավորը ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հայրն է:

Լրագրողի դիտարկմանը, թե ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները պնդում են, որ բովանդակային քննադատում են իշխանությանը, առաջարկություններ են ներկայացնում, բայց դրանք իշխանությունները մերժում են ու փորձում են կեղտոտ միջոցներով պատասխանել, Լոռու մարզպետը արձագանքեց.

«Որևէ կեղտոտ միջոց չկա, ընդամենը փաստն ենք արձանագրել: Որևէ կեղտոտ մեթոդ և միջոց չկա: Եվ կարծում եմ ես,  որպես քաղաքական գործիչ՝ Գագիկ Ծառուկյանին, ճիշտն ասած, խղճում եմ, որովհետև ինքը չունի իր ուրույն քաղաքական դիմագիծը և անընդհատ օգտագործվել է այլ քաղաքական ուժերի կողմից: Եվ կարծում եմ՝ այս դեպքը նույնպես բացառություն չէ: Եվ Գագիկ Ծառուկյանը նման է մի մեծ երեխայի, որն ունի լավ խաղալիք, և բակի երեխաները, ուրեմն, անընդհատ իր հետ ընկերություն  են անում, որպեսզի այդ խաղալիքից օգտվեն, բայց վերջում ստացվում է, որ այլ երեխաներ ավելի շատ են խաղում դրանով, քան հենց ինքը»:

Մեկ այլ դիտարկման, թե ԲՀԿ ներկայացուցիչների խոսքով՝ իշխանականները լկտիության սահմաններն անցնում են, Ղուկասյանը նշեց. «Շատ կներեք, բայց խմբակային բռնաբարություն և կողոպուտ իրականացրած անձի ընդամենը անցյալը հիշեցնելու մեջ լկտիության որևէ նշույլ անգամ չկա: Կարծում եմ, որ ընդհանրապես քաղաքացիները պետք է սրա մասին ավելի շուտ տեղյակ լինեին, և դրա մասին հայտարարեին կամ խոսեին հենց ԲՀԿ-ական պատգամավորները»:

Ի դեպ, մամուլում արդեն տեղեկություն կա, որ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի փաստաբանական թիմը հրապարակված նյութի առնչությամբ  դիմել է Գլխավոր դատախազություն՝ քրեական գործ հարուցելու համար: Փաստաբանական խումբը դռնփակ դատական նիստերի ու դրանց ընթացքում կատարված արձանագրությունները հրապարակելու հարցում պաշտոնեական դիրքի չարաշահման և մարդու անձնական կամ ընտանեկան կյանքի իրավունքի խախտման խնդիր է տեսնում:

Իսկ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը լրագրողների մեկ այլ հարցին, թե մինչև հեղափոխությունն ո՞վ էր՝ որպես քաղաքական գործիչ, և ո՞վ էր նրան ճանաչում,  պատասխանեց՝ հիշեցնելով, որ մասնագիտությամբ  ատամնաբույժ է.

«Ես մասնագիտությամբ բժիշկ էի, և մասնագիտությանս միայն բերումով՝ ինձ ճանաչում էին շատ-շատերը, հազարավոր մարդիկ: Տասնյակ տարիներ, տասից ավելի տարի աշխատել եմ իմ մասնագիտությամբ, և, անհամեստ չթվա, ունեցել եմ բավականին հաջողություններ և այդ առումով նաև ունեցել եմ ճանաչելիություն: Մասնակցել եմ ՏԻՄ ընտրություններին՝ Վանաձորի, եղել եմ ավագանու թեկնածու, եղել եմ Ազգային ժողովի 17 թվականի պատգամավորի թեկնածու և 18 թվականի մարզպետի տեղակալ, և այժմ՝ մարզպետ»:

Իսկ երբ լրագրողները մարզպետին հիշեցրին, որ երկու տարի առաջ այսօրվա իշխանությունը տնտեսական համագործակցության հուշագիր էր ստորագրել Գագիկ Ծառուկյանի հետ, և հարցրին, թե Անդրեյ Ղուկասյանը կամ որևէ մեկը դեմ արտահայտվե՞լ է, Ղուկասյանը նշեց, թե հեղափոխությունը հնարավորություն է տվել բոլորին, որ իրենք փոխեն իրենց վարքագիծը և հետևություններ անեն իրենց անցյալից:

«Բայց ժամանակը ցույց է տալիս, որ որոշ գործիչներ հետևություններ չեն անում, իրականությունը ճիշտ չեն գնահատում և սխալների շարքեր են թույլ տալիս: Կարծում եմ՝ այս վերջին հայտարարությունը համախմբման, ինչ-որ ուժերի հետ միացման, նույնպես շատ կոպիտ քաղաքական սխալ էր»,- նշեց նա:

Մասնագիտությամբ ատամնաբույժ, պաշտոնով մարզպետ Անդրեյ Ղուկասյանը լրագրողներին տված հարցազրույցում գնահատեց  ԲՀԿ-ի քաղաքական գործունեությունը, ըստ նրա՝ քաղաքական կյանքում ունեցել է բացասական դերակատարություն, եղել է կեղծ ընդդիմություն, իսկ այսօր կեղծ ընդդիմություն չէ: Լոռու մարզպետը վստահ է, որ ԲՀԿ-ն ու նրա ղեկավարը չեն վայելում հանրության մոտ այն հեղինակությունը, որ կարողանան իշխանափոխություն անել: Մարզպետի խոսքով՝ նա ընդդիմությունից լսել է պոպուլիստական շատ գաղափարներ, մտքեր, որոնք որևէ կոնստրուկտիվ բան իրենց մեջ չեն պարունակել, իսկ իշխանությունն այսօր լծված է խնդիրներ լուծելուն:

Տեսանյութեր

Լրահոս