Չմոռանանք համաճարակի տնտեսական հետևանքների մասին

Վերջին շրջանում վիրուսի տարածման ահագնացող տեմպով, սրա վերաբերյալ օպերատիվ լրատվությամբ և որոշ կադրային փոփոխություններով պայմանավորված՝ համեմատաբար հետին պլան մղվեցին տնտեսությանն առնչվող մտահոգությունները։

Այնուամենայնիվ, կարծում եմ՝ կարևոր է չանտեսել ներկա իրավիճակի տնտեսական և սոցիալական բացասական հետագա զարգացումները և այս հարցերը նույնպես պահել ուշադրության կենտրոնում։

Գաղտնիք չէ, որ տնտեսության մեջ այս ճգնաժամից առավելապես տուժող ոլորտը, թերևս, զբոսաշրջությունն է։ Վերջին շրջանում որոշ կարծիքներ էին հնչում, որ ներքին տուրիզմի խթանմամբ ժամանակավորապես հնարավոր կլինի փոխհատուցել այն վնասը, որը հասցրել է ճգնաժամը։ Այդպե՞ս է արդյոք, և հատկապես այս ոլորտի համար բավարա՞ր էին արդյոք կառավարության առաջարկած լուծումները:

Նախ՝ մի քանի ցուցանիշներ։

ՀՀ վիճվարչության տվյալներով՝ 2018 թվականին Հայաստան է այցելել 1.652.000 զբոսաշրջիկ, իսկ 2019 թվականին` 1.894.000 զբոսաշրջիկ։

Համաշխարհային Բանկի տվյալների համաձայն՝ ներգնա զբոսաշրջիկների ծախսերը Հայաստանում 2018 թվականին կազմել են շուրջ 1,46 միլիարդ ԱՄՆ դոլար։

2019 թվականի մասով ՀԲ-ն տվյալներ դեռևս չի հրապարակել, սակայն հաշվի առնելով ներգնա զբոսաշրջության աճի տոկոսը 2019 թվականին (14,7 տոկոս)՝ կարելի է նախնական գնահատել, որ արտերկրից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների ծախսերը Հայաստանում 2019 թվականին կազմել են մոտավորապես 1,67 միլիարդ դոլարի սահմաններում։

Վերջին տարիներին Հայաստանում ընդհանուր զբոսաշրջային ծախսերի շուրջ 83 տոկոսը կատարվում է ներգնա՝ այսինքն՝ արտերկրից Հայաստան ժամանող տուրիստների կողմից։

Ներքին տուրիզմը ՀՀ ընդհանուր զբոսաշրջային ծախսերի միայն 17 տոկոսն է կազմում։

Ընդհանրապես առևտրի և ծառայությունների ոլորտը (այդ թվում՝ նաև զբոսաշրջությունը) Հայաստանի ՀՆԱ-ում ունի խիստ նշանակալի մասնաբաժին և տարիներ ի վեր ՀՆԱ-ի աճի մեջ ունեցել է որոշիչ դերակատարում։

2020 թվականի մարտից տուրիստների ժամանումը Հայաստան գրեթե բացարձակապես զրոյացված է։ Վարակի նման տարածմամբ պայմանավորված՝ ոչ ամռանը, ոչ էլ աշնանը հնարավոր չէ սպասել տուրիստների ներգնա հոսքի քիչ թե շատ արժեքավոր բարելավում։

Սահմանափակումների պատճառով ընթացիկ տարում էապես կնվազի արտագնա տուրիզմը նույնպես։ Սակայն, այնուամենայնիվ, արտերկիր չմեկնած ՀՀ քաղաքացիները չեն կարող ապահովել համանման ֆինանսական հոսքեր ոլորտի համար. սա հատկապես ակներև է Երևան քաղաքում մատուցվող հյուրանոցային ծառայությունների մասով։

ՀՀ-ում գործում են 650-ից ավելի հյուրանոցային տնտեսության օբյեկտներ (2018 թ. տվյալներով), որից շուրջ 390-ը՝ Երևանում։ Ցավոք սրտի, Երևանում այս հյուրանոցներն ունենալու են զրոյին մոտ շրջանառություն։

Հետևաբար՝ այս պայմաններում տուրիստներին որևէ ձևով ծառայություններ մատուցող ԱՌՆՎԱԶՆ այս խմբերում լինելու է խիստ խնդրահարույց իրավիճակ

  • հյուրանոցներ, հատկապես՝ Երևանում գտնվող
  • ներգնա տուրիզմի վրա մասնագիտացած տուրօպերատորներ
  • տուրիստական հոսքերի վրա թիրախավորված ներքին տրանսպորտային ընկերություններ
  • սննդի և ժամանցի ծառայություններ մատուցող ընկերություններ
  • ոլորտի հետ առնչվող փոքր շրջանառություն ունեցող զանազան գործունեության տեսակներ՝ հուշանվերների արտադրություն, և այլն:

Այս պայմաններում կառավարությունը որոշեց որևէ հարկային արտոնության գործիք չկիրառել։

Հիմնական առաջարկվող աջակցությունը վարկային միջոցն էր։

Ոլորտում ճգնաժամի հաղթահարման ռազմավարություն և հայեցակարգային մոտեցումներ տեսանելի չեն։

Նկատելի է նաև մասնավոր հատվածի հետ, իրավիճակով պայմանավորված, համագործակցության և երկխոսության ցածր մակարդակ։

Ինչ-որ առումով ստացվում է, որ պետությունն օգնում է մասնավորին այս իրավիճակում վարկ վերցնել, որպեսզի վերջինս կատարի իր հարկային պարտավորությունները պետության նկատմամբ։ Պետությունն ապահովում է իր եկամուտները, բանկերն ունենում են շրջանառություն, իսկ մասնավոր բիզնեսն ավելացնում է իր պարտքային բեռը։

Կարծում եմ՝ պետք է փաստել, որ առնվազն այս ոլորտի պարագայում խնդիրը խորքային չլուծվեց, մասնավորին ճիշտ թիրախային օգնություն չտրվեց։

ՀՀ տնտեսության մեջ նման մասնաբաժին ունեցող, այս ծավալի զբաղվածություն և ֆինանսական շրջանառություն ապահովող ոլորտին նման հարվածի պարագայում ընդամենը վարկեր առաջարկելը, մեղմ ասած, ամենախելամիտ և արդյունավետ լուծումը չէր։

 Արդյունքում՝ ոլորտում մենք կտեսնենք (թերևս, արդեն իսկ տեսնում ենք) մեծ թվով ընկերությունների գործունեության դադարեցում, ոլորտի աշխատողների մասսայական կրճատումներ և այլ բացասական երևույթներ։ Այս ոլորտի դերակատարումը Հայաստանում գործազրկության աճի հարցում, թերևս, լինելու է առաջնային տեղում։

Հ.Գ. Ընթացիկ տարվա բյուջեով ոլորտի զարգացման աջակցության համար նախատեսված էր 200 մլն։ Բնականաբար, այն այս տարի այլևս չի կարող ծախսվել այն միջոցառումների վրա, որոնք ի սկզբանե նախատեսված էին։ Անհայտ է, թե այս գումարն ինչի վրա պետք է ծախսվի, և արդյո՞ք սրա վերաբաշխում արվել է, թե՞ ոչ։

ԳԱՐԵԳԻՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ

ՀՀ էկոնոմիկայի նախարարի նախկին առաջին տեղակալ, Նիդեռլանդներում ՀՀ նախկին դեսպան

 

Տեսանյութեր

Լրահոս