
«Ափսոսում եմ, որ ոմանք այդպես էլ չեն կարողանում ընկալել, որ Դատական իշխանությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և անձամբ ես ապաքաղաքական ենք»․ Վարդազարյան

ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր առավոտյան մամուլում հերթական ասեկոսեն են հրապարակել իմ՝ իբր «համակարգից հեռանալու իշխանությունների պահանջի» մասին:
Ափսոսում եմ, որ ոմանք այդպես էլ չեն կարողանում ընկալել, որ Դատական իշխանությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և անձամբ ես ապաքաղաքական ենք:
Ավելին, մեզ քաղաքական հարթություն ներքաշելու ցանկացած փորձ դատապարտված է ձախողման:
Ի դեպ՝ ԲԴԽ-ի որդեգրած այդ սկզբունքային մոտեցմամբ է նաև պայմանավորված, որ վերջին շրջանում հանրային տարբեր գործիչների կողմից զանգվածային լրատվության միջոցներով սփռվող մեզ թիրախավորող բազմաթիվ ասեկոսեները և կեղծ լուրերը մեր կողմից մնում են անարձագանք: Դատական իշխանությունը կա և մնալու է բացառապես մասնագիտական գործունեության դաշտում:
Հ.Գ. Խորհրդի նախագահի խիստ պատասխանատու առաքելությամբ պայմանավորված՝ գործում եմ և գործելու եմ բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենքներով ինձ վերապահված լիազորությունների շրջանակներում, դատական իշխանության կողմից ինձ վրա դրված մեծ պատասխանատվության ներքո:
Հ.Հ.Գ. Իսկ ինչ կստացվի այս ամենից՝ կապրենք-կտեսնենք»:
Այսօր առավոտյան մամուլում հերթական ասեկոսեն են հրապարակել իմ՝ իբր «համակարգից հեռանալու իշխանությունների պահանջի» մասին:…
Gepostet von Ruben Vardazaryan am Mittwoch, 10. Juni 2020