Բաժիններ՝

Գեղարքունիքի մարզպետարանի առողջապահության վարչության պետի «ես՝ քեզ, դու՝ ինձ» սխեման

Գեղարքունիքի մարզպետարանում նորմալ ընտանեկան վիճակներ են, իսկ իշխանությունները, ովքեր, ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի, շեփորահարում են, թե այս իշխանությունները կոռումպացված չեն, կամ աշխատանքի անցնելիս այլևս չի գործում խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքը, թերևս, կամ խնամքով թաքցնում են իրողությունը, կամ իրենք էլ տեղյակ չեն՝ ինչ է կատարվում աչքից հեռու՝ հատկապես մարզերում:

Այսպես, մարզի առողջապահության վարչության պետի պաշտոնակատար Լուսինե Վարդանյանի՝ այդ պաշտոնում նշանակվելուց, օրինակ, 168.am-ի տեղեկություններով, վերջինիս ամուսինը՝ Գասպարյան Լյովան, սկսել է աշխատել, շատ չէ, «ընդամենը» 3 հաստիքով, ու դա՝ այն դեպքում, երբ վարչության պետը բոլոր համատեղող աշխատակիցներին հորդորում է աշխատանքից ազատման դիմումներ գրել: Հետաքրքիր է, ի՞նչ է սա, եթե ոչ՝ քաղաքական կոռուպցիա:

Մարզում խոսում են, որ որոշ բժիշկների աշխատանքի համատեղության հարցերով զբաղվում են անգամ քննչական մարմինները:

Այնուամենայնիվ, որպեսզի մերկապարանոց մեղադրանքներ հնչեցնելու մեջ չմեղադրվենք, թվարկենք այն բոլոր հաստիքները, որոնք զբաղեցնում է Գեղարքունիքի մարզի առողջապահության վարչության պետի ամուսինը՝ «Մարտունի» ԲԿ-ում՝ վերակենդանացման բաժնի վարիչ, Մարտունու ծննդատանը՝ բժիշկ-անեսթեզիոլոգ, և Ձորագյուղի ամբուլատորիայում՝ ընտանեկան բժիշկ:

Տեղյա՞կ է արդյոք այս ընտանեկան բիզնեսից առողջապահության վարչության պետի գործատու հանդիսացող Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, մենք չգիտենք, սակայն դժվար թե տեղյակ չլինի այն հանգամանքից, որ Լուսինե Վարդանյանը մարզպետի բարեկամների համար, մեզ հասած տեղեկություններով, ստեղծում է ոչ մասնագիտական հաստիքներ ու մատուցում ծառայություններ: Օրինակ, վերջերս «Մարտունու» ԲԿ-ում մարզպետ Սանոսյանի բարեկամներից մեկն աշխատանքի է ընդունվել՝ որպես ֆինանսական գծով տեղակալ: Ուշագրավ է, որ այդ հաստիքը նախկինում չի եղել:

Ի դեպ, Գեղարքունիքի մարզպետարանի նախկին աշխատակիցները, ովքեր, թերևս, պատկառելի ինֆորմացիայի են տիրապետում, սոցցանցերում բավականին ակտիվ են, ու նրանց գրառումներից շատ բան կարելի է իմանալ Գեղարքունիքի մարզպետարանում տիրող վիճակի մասին:

Օրերս նրանցից մեկը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ մարզի բժիշկները զանգահարել են առողջապահության վարչության պետին ու ասել, որ հիվանդը վատ է, ինչին վերջինս պատասխանում է՝ թող սպասի մինչև երկուշաբթի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս