Բաժիններ՝

Քրեական կամ իրավախախտումների վիճակագրություն․ հանցագործությունների աճ է գրանցվել

Համավարակային ու մեկուսացման ամիսների սոցիալ-հոգեբանական ազդեցությունը դեռ երկար կլինի հասարակակագիտական ուսումնասիրությունների կենտրոնում: Որովհետև կատարվող գործընթացներն իսկապես աննախադեպ են (նկատե՞լ եք, որ մեր իշխանություններն է՛լ չեն օգտագործում աննախադեպ բառը): Իսկ հասարակական պրոցեսները իսկապես աննախադեպ են, մասամբ նաև անհասկանալի:

Տեսե՛ք, իրավախախտումների վիճակագրությունն արձանագրում է, որ անցած տարվա առողջ ապրիլին մեր երկրում արձանագրվել է «տրանսպորտային միջոցներ փախցնելու» 2 դեպք: Այս տարվա անառողջ` համավարակային ապրիլին արդեն 3 դեպք: Սույն փաստը բազում այլ իրավախախտումների տվյալների հետ անհավանական է թվում: Թեկուզ այն, որ 2019-ի հունվար-ապրիլին գրանցվել է 8 397 հանցագործություն: Իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում` 8 986: Չորս ամսվանից մեկուկես ամիսը արտակարգ վիճակի հետ է համընկնում: Ուստի վիճակագրությունը հուշում-ճշտում է մտցնում` հանցագործությունների աճը գրանցվել է առաջին եռամսյակի հաշվին: Իսկ այս տարվա ապրիլին հանցագործությունների քանակը նախորդի համեմատ նվազել է մոտ 300-ով: Բայց ասվածից չի կարելի ենթադրել, որ արտակարգ դրության պարագային մենք խիստ օրինապաշտ վարքագիծ ենք դրսևորել: Թեկուզ այն պատճառով, որ թե՛ 2019-ի, թե՛ 2020-ի ապրիլին 5-ական սպանություն է տեղի ունեցել երկրում: Իսկ այն, որ հրազենի ու ռազմամթերքի գործադրմամբ հանցագործությունների քանակը կրկնակի աճել է` հակառակն է ապացուցում: Դրանց թիվը 2019-ի ապրիլին 6 էր, 2020-ի ապրիլին՝ 12:

Բայց բուն վիճակագրությունը հակասական է: Տեսե՛ք, «ծանր» որակավորվող հանցագործությունների քանակն այս տարվա առաջին չորս ամիսների ընթացքում աճել է (մոտ 700-ով): Բայց ապրիլը նախորդ ապրիլի համեմատ նվազել է (299 դեպք` 2019-ի 351-ի դիմաց): Հակասականության ու քրեական իմաստով ավելի ծանր իրավիճակ կարելի է համարել այն, որ 2020-ին «առանձնապես ծանր» որակվող հանցագործությունների թիվն աճել է 2019-ի առաջին չորս ամիսների և ապրիլը ապրիլի համեմատ: 2019-ի առանձնապես ծանր հանցագործությունների քանակը 83 է, իսկ 2020-ինը` 104: Ընդորում անցած տարվա ապրիլին կատարվել է 21 «առանձնապես ծանր» որակվող հանցագործություն, իսկ 2020-ին` 27:

Այն, որ իրավախախտումների վիճակագրությունը որոշակիորեն տրամաբանական ու հասկանալի է, կարելի է դիտարկել գողությունների քանակական համադրմամբ: 2019-ին արձանագրվել է 937 գողություն, իսկ 2020-ին 708 (229-ով պակաս): Դժվար չէ հասկանալ, որ սա (առաջին հերթին) արձանագրվել է բնակարանային գողությունների կտրուկ կրճատման հաշվին: Այս ապրիլին գրանցվել է 93 դեպք, նախկինի 152-ի դիմաց:

Պարզ ասած, հենց սա կարելի է համարել իշխանությունների ու ոստիկանության կողմից արտակարգ վիճակի նկատմամբ թույլ վերահսկողության արդյունք: Եթե ասվածը բավարար չհամարվեց, կարելի է հավելել ևս մեկ տվյալ: 2019-ի հունվար-ապրիլին «իշխանությունների ներկայացուցչի նկատմամբ բռնության գործողություն» որակվող հանցագործության 10 դեպք է արձանագրվել 2019-ին: Իսկ 2020-ի նույն ժամանակահատվածում՝ 20 դեպք: 2019-ի ապրիլին այս հանցատեսակի արձանագրված քանակը 4 է: Իսկ այս տարվա ապրիլին իշխանության ներկայացուցիչների նկատմամբ կրկնակիից ավելի են բռնության դեպքեր գրանցվել` 9: Արտակարգ դրությունը նպաստել է, որ «կաշառք ստանալու և կաշառքի միջնորդության» համար ավելի քիչ դեպքեր արձանագրվեն: 2019-ի ապրիլի 16-ի դիմաց՝ 2020-ի ապրիլին 14 դեպք:

Վերջում մեկ տվյալ` Երևանը զիջում է «քրեական» դիրքերը: Նախորդ տարվա հունվար-ապրիլին մայրաքաղաքում էր արձանագրվել հանցագործությունների 52.1 տոկոսը: Իսկ այս տարի` 50.8:

Ահա մեր հունվար-ապրիլի իրավախախտումների պատկերը:

Արա Գալոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս