Ուժայինների ղեկավարների փոփոխությունները չեն ավելացնում Փաշինյանի կողմնակիցների թիվը բյուրոկրատիայի շարքերում․ Կոլերով
«Հայաստանում առջևում նոր հրաժարականներ են»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ՀՀ ներքաղաքական զարգացումներին, կորոնավիրուսի դեմ պայքարին Հայաստանում և հայ-ռուսական հարաբերություններում նկատվող միտումներին ու ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական մտադրություններին։
Կարճ խոսելով վերջին օրերի ՀՀ ներքաղաքական զարգացումներից, մասնավորապես՝ նախօրեին ուժային կառույցների ղեկավարների փոփոխությունից՝ Մոդեստ Կոլերովը հիշեցրեց ֆրանսիական հեղափոխության առաջնորդներից մեկի՝ Դանտոնի հայտնի արտահայտությունը․ «Հեղափոխությունը խժռում է իր զավակներին»։
Նրա գնահատմամբ՝ այն, որ Փաշինյանի կողմից նշանակված ուժային կառույցների ղեկավարները ևս հեռացվեցին, նորմալ տրամաբանություն է հեղափոխական իշխանության դեպքում։
«Շատ հազվադեպ է պատահում, երբ հեղափոխական իշխանությունը կարողանում է 1-2 տարուց ավելի գոյատևել՝ առանց կադրային փոփոխությունների։ Առջևում նոր հրաժարականներ կլինեն, դա նորմալ է նման իշխանության դեպքում։ Սակայն այլ հարց է, որ նմանատիպ հեռացումները և հրաժարականները չեն ավելացնում Փաշինյանի կողմնակիցների թիվը բյուրոկրատիայի շարքերում»,- ասաց Մոդեստ Կոլերովը։
Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտնի ելույթին, ռուս վերլուծաբանը կարծիք հայտնեց, որ Գագիկ Ծառուկյանի ճակատագիրը ցանկացած կոալիցիայում լինելու է երկրորդական, ինչը նշանակում է, որ առաջնորդ լինելը նոր իշխանության դեպքում նրա համար դժվար է լինելու։ Սակայն, ըստ Կոլերովի, նրա հակառակորդները նրան լուրջ են գնահատում, հենց այդ պատճառով նրա դեմ սկսեց շրջանառվել կոմպրոմատ, դա նշանակում է, որ նրա քաղաքական ակտիվությունը լրջորեն անհանգստացնում է իր հակառակորդներին։ «Ծառուկյանը, որպես հարուստ գործիչ, «համեղ», հետաքրքիր գործընկեր է ցանկացած քաղաքական ուժի համար։ Թե որքան արդյունավետ կարող են լինել նոր ճակատները՝ ժամանակը կարող է ցույց տալ»,- նշեց Կոլերովը։
Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններում առկա լարվածության մասին խոսակցություններին և գազի հարցում Փաշինյան-Լուկաշենկո տանդեմին, Կոլերովն ասաց․ «Լուկաշենկոն օգտագործում է Փաշինյանին Մոսկվայի հետ իր առևտրի համար։ Կարծում եմ, որ Փաշինյանը դա հասկանում է, ուստի որակել այդ օգտագործման գործընթացը տանդեմ՝ ես չէի փորձի։ Դա տանդեմ չէ, այլ մանիպուլյացիա, և դրանում ոչ մի լավ բան չկա Փաշինյանի համար։ Լուկաշենկոն իրեն դրսևորել է՝ որպես անհուսալի, փոփոխական, անկայուն գործընկեր, ուստի, եթե հանկարծ Հայաստանում որևէ մեկը կարծում է, որ Լուկաշենկոն կարող է գործընկեր լինել իր համար, խորապես սխալվում է»։
Ըստ Կոլերովի՝ լուրջ լարվածություն Փաշինյանի և Պուտինի հարաբերություններում դեռ չկա։
«Ես ընդհանրապես կարծում եմ, քանի որ կյանքը շարունակվում է, և Հայաստանի հետ հարաբերությունները, որոնք այդպես գովերգում է Հայաստանը, Փաշինյանի կողմից կրում են բացառապես պրագմատիկ բնույթ։ Փաշինյանը, որպես սթափ մարդ, հասկանում է, որ ռազմատեխնիկական ոլորտում որպես գործընկեր, որպես Ղարաբաղյան հարցում միջնորդ՝ Ռուսաստանին որևէ երկիր չի կարող փոխարինել, սակայն անխուսափելիորեն կգա մի ժամանակ, երբ Երևանը եզրահանգման կգա, որ Ռուսաստանից ստացել է սպառազինության ոլորտում ամեն ինչ, և այդ ժամանակ հարաբերությունները կփոխվեն, այդ ժամանակ Երևանն իրեն չի զսպի այդ հարաբերություններում։ Սառեցումը Մոսկվայի և Երևանի հարաբերություններում անխուսափելի է, քանի որ Երևանն այդ հարաբերություններին վերաբերվում է պրագմատիկ կերպով։ Կգա ժամանակ, երբ պրագմատիկան լիովին օգտագործված է լինելու Երևանի շահերին համապատասխան, իսկ մեծ հաշվով Ռուսաստանի շահերին համապատասխանող ոչինչ Երևանը Ռուսաստանին տալ չի կարող, դրանք անհավասար հարաբերություններ են, դրանք դոնորի և ռեցեպիենտի հարաբերություններ են, Ռուսաստանը չի ստանում Հայաստանից գործընկերության համարժեք օրինակներ, ուստի, երբ Երևանը կբավարարի, կիրագործի իր բոլոր շահերը, ներկայիս սառը գործընկերությունը Երևանի կողմից կդադարի»,- նման տեսակետ հայտնեց հայ-ռուսական հարաբերությունների ապագայի վերաբերյալ Կոլերովը։
Նրա կարծիքով՝ հայ-ռուսական հարաբերությունների բնույթը կփոխվի, և Հայաստանը կսկսի կառուցել բազմավեկտոր քաղաքականություն, որը, նրա համոզմամբ, Փաշինյանը ժառանգել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից։
«Կան մի շարք կետեր, որոնք նա Սերժ Սարգսյանից ժառանգել է՝ բազմավեկտորությունը, ռազմատեխնիկական համագործակցությունը Ռուսաստանի հետ։ Սրանք Սարգսյանի ժառանգությունն են։ Իսկ հայ-ռուսական քաղաքական գործընկերությունը Ռոբերտ Քոչարյանի ժառանգությունն է, սահմանապահ զորքերը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ժառանգությունը»,- ասաց Կոլերովը։