Բաժիններ՝

«Գիտության առաջարկը վերցնելուն պատրաստ չէ բիզնեսը». Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն

ԱԱլիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն (Երևանի ֆիզիկայի ինստիտուտի), պրոֆեսոր Անի Ապրահամյանը  կարծում է, որ Հայաստանում պետք է լավ կրթություն, ուժեղ գիտական հիմնարկներ, ինչպես նաև երիտասարդ գիտնականներ՝ շատ ուղղություններ զարգացնելու համար։ Կա նաև  գիտության ինֆրակառուցվածքի արդիականացման խնդիր։

«Կորոնավիրուսի համաճարակն անսպասելի էր ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար, և մենք չէինք կարող անտարբեր մնալ, ուստի սկսեցինք հրավիրել երիտասարդ ֆիզիկոսների և ինժեներների ու մտածել, թե ինչպես կարող ենք օգնել պետությանը։ Սկսեցինք ախտահանման համար տարբեր սարքեր պատրաստել։ Օզոնային  գեներատորներ հավաքեցինք 10 օրում և նվիրեցինք Առողջապահության նախարարությանը»,- ասուլիսի ժամանակ ասել էր Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրենը։

168.am-ը հետաքրքրվեց՝ օզոնատորների արտադրություն սկսելու միտք կա՞, քայլեր արվո՞ւմ են: Անի Ապրահամյանը  պատասխանեց․

«Շատ անսպասելի էր օզոնային գեներատորների հետ կապված արձագանքը։ Մեզ շատերն են դիմել՝ ասելով, որ ցանկանում են գնել, բայց մենք չէինք մտածել արտադրության մասին։ Տեխնոլոգիան նոր չէ, շուկայում կա, հատկապես Չինաստանից շատ ավելի հեշտ է էժան գնով վերցնել, բայց մեր ժողովուրդն ասում է, որ իրենք չեն ուզում Չինաստանից, Հայաստանից են ուզում։ Հիմա մենք այդ արտադրանքի մասը պատրաստ չենք անել, բայց ուսումնասիրում ենք։ Մենք համագործակցեցինք «Ինժեներական քաղաքի» անդամների հետ,  և հարցը ընթացքի մեջ է։ Հիմա եթե անենք, մեկը պետք է նստի ձեռքով հատ-հատ անի, դա տրամաբանական չէ։ Բայց եթե մարդիկ ուզում են հայկական լինի՝ կմտածենք, թե ինչպես կարելի է դա անել։ Քննարկումներ են ընթանում, հուսանք՝ առաջիկայում որոշում կկայացնենք այդ հարցում»։

Տնօրենն ընդգծեց՝ գիտության առաջարկը վերցնելուն պատրաստ չէ բիզնեսը։

«Օզոնային գեներատորները եթե վերցնենք, ապա լավ կլիներ, որ մի բիզնեսմեն լիներ, գաղափարը վերցներ և արտադրեր։ Գիտության ծրագրերը վերցնող ու գործնականում կիրառող օղակն է պակասում»,- հավելեց Անի Ապրահամյանը։

Լաբորատորիայի գիտաշխատող Գևորգ Հովհաննիսյանից էլ հետաքրքրվեցինք, թե հայկական արտադրության օզոնային գեներատորն ունի՞ առավելություն չինականից, նա պատասխանեց․

«Օզոնատորներ արտադրելու միտք կա, բայց  երևի չստացվի։ Առաջին պատճառներից մեկն այն է,  որ ինստիտուտն արտադրանք տալու, վաճառքի իրավունք չունի, ՊՈԱԿ է։ Արտադրության ուղղությամբ  էլ, կարծում եմ, պետք է զբաղվեն մարդիկ, որոնք գաղափար ունեն սարքից։ Ամեն դեպքում, եթե ստացվի պատրաստել, ապա հաստատ շատ թանկ է լինելու գինը։ Ինչ վերաբերում է էֆեկտիվությանը, եթե խոսենք նախորդ 20 հատի մասին, որոնք նվիրեցինք հիվանդանոցներից մեկին, ապա դրանք  համեմատվել են չինական օզոնատորի հետ։  Ի տարբերություն չինականի՝ մեր պատրաստած օզոնատորը 30 տոկոսով ավելի արդյունավետ է ստացվել։ Բայց սրանք մենակ մոտավոր հաշվարկներ են, քանի որ հստակ չափումներ չի արվել։ Կոնստրուկցիայի առումով չինականն ավելի ապահով է, քան մերը։ Այնտեղ գեներատորը հավաքված  է կերամիկական սալիկներից, իսկ մեզ մոտ ապակիներ են։ Իսկ էլեկտրոնիկայի և հետագա սպասարկման առումով մեր հավաքածն ավելի պրակտիկ է, որովհետև մենք որևէ խնդրի դեպքում կարող ենք վերանորոգել, վերացնել թերությունները, այնինչ,  չինականի դեպքում հնարավոր չէ։ Այն եթե շարքից դուրս եկավ, վերանորոգել հնարավոր չի լինի։ Այո՛, գիտությանն ու բիզնեսին կապող օղակ է պետք»։

Հիշեցնենք, որ Ա.Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտի) գիտաշխատողները դեռևս ապրիլ ամսին ավարտեցին 20  օզոնատորների պատրաստումը, որոնք  որպես օգնություն՝ նվիրեցին «Էրեբունի» բժշկական կենտրոնին։

Օզոնատորներն արտադրում են օզոն` էներգիա փոխանցելով թթվածնի մոլեկուլներին (O2), որի հետևանքով թթվածնի ատոմները վերակառուցվում են օզոնի (O3):

«Այս գործընթացը բնության մեջ տեղի է ունենում երկու եղանակով՝ կայծակի ժամանակ՝ կամար, և ճառագայթման շնորհիվ՝ (ուլտրամանուշակագույն լույս)։ Տվյալ ախտահանիչ սարքը պատկանում է գազային ախտահանիչների դասին և նախատեսված է բժշկական սարքավորումների, ինչպես նաև գործիքների, արտահագուստի և դիմակների ախտահանման համար սենյակային ջերմաստիճաններում՝ առանցքի միկատների կիրառման։ Սարքի աշխատանքը հիմնված է օզոնի կիրառման վրա՝ որպես ախտահանող ռեագենտ: Օզոնի բարձր օքսիդացնող ունակության շնորհիվ օզոնային մթնոլորտում տեղի է ունենում միկրոօրգանիզմների ինտենսիվ «այրում»»,- մեզ հետ զրույցում ավելի վաղ մանրամասնել էր Գևորգ Հովհաննիսյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս