Հայաստանում մասնագետները ստեղծել են եգիպտացորենի յուղով պատրաստված պաշտպանիչ դիմակներ

Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրեն Անի Ապրահամյանը հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտնեց, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված՝ տարբեր ախտահանիչ սարքեր են պատրաստել, այդ թվում՝ եգիպտացորենի յուղով դիմակներ։

«Այժմ աշխատում են տարբեր ֆիլտրների վրա բազալտի նանոթելիկներ, նանոմասնիկներ օգտագործելով: Այն էկոլոգիապես մաքուր է, այնպիսի նյութեր են ներառված, որոնցով փոքրիկների համար խաղալիքներ են պատրաստվում: Այն պիտանի է բազմակի օգտագործման համար: Դիմակը կարող ես օգտագործել, ախտահանել,  հետո նորից օգտագործել։ Ամեն դիմակը տպելու համար 8-9 ժամ պահանջվում է, այսինքն՝ ամեն օր ամենաշատը 3 հատ կարող ենք տպել։ Հայկական շուկայում նման դիմակներ դեռ չկան: Ոգևորելով երիտասարդ ինժեներին՝ ես առաջարկեցի, որ տարբեր երանգներով սարքի այդ դիմակները»,- նշեց Անի Ապրահամյանը:

«Մենք շատ նոր ուղղություններ կարող ենք մեջտեղ բերել, սակայն երիտասարդ մասնագետների կարիք ունենք: Այսօրվա պատերազմը, մրցակցությունը նաև լաբորատորիաներում է, համակարգիչների առջև է: Այնպես որ, հորդորում եմ երիտասարդ մասնագետներին՝ գալ և գիտությամբ զբաղվել»,- ասաց Անի Ապրահամյանը:

Խոսելով  Հայաստանում մեկ տարի գործարկվող ցիկլատրոնի մասին՝ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրենը փոխանցեց, որ այն աշխատեցնում են  երիտասարդ ֆիզիկոսները։

«Կառավարությանը խնդրել ենք, որ մեր ինստիտուտին տան ցիկլատրոնը, բայց այն պատկանում է այլ կենտրոնի, որն Էկոնոմիկայի նախարարության ենթակայության տակ է։ Ապրիլի 23-ին կառավարության որոշում եղավ, համաձայն որի՝  այն կարող ենք օգտագործել թե՛ գիտության, թե՛ առողջապահության համար։ Առաջին հիվանդներին պետք է ընդունեինք ապրիլի 9-ին, սակայն կորոնավիրուսի պատճառով ժամակը հետաձգվեց, բայց հիմա կրկին պատրաստվում ենք։  Հիվանդներին կորոշի Առողջապահության նախարարությունը։ Առաջին մի քանի հոգուն անվճար ենք սպասարկելու։ Առողջապահական տուրիզմի գաղափարի համար էլ է նախատեսված։ Այն անգամ 5 տարի առաջ կարող էինք աշխատեցնել։ Մեր արտադրանքը կարող ենք ծախել հարևան երկրներին։ Վրաստանից արդեն պահանջարկ կա, սպասում են։ Իզոտոպները, որ կարող ենք արտադրել, ժամկետը կարճ է, այսինքն՝ մոտ երկրներ պետք է լինեն»,- ասաց Անի Ապրահամյանը։

Ավելի վաղ Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի տնօրենը հայտնել էր, որ ցիկլատրոնի գործարկումը կնպաստի քաղցկեղի դիագնոստիկան առավել ճշգրիտ կատարելուն։

«Ի դեպ, իզոտոպների արտադրությունը միայն առողջապահական հարց չէ, մենք այն կարող ենք այլ ոլորտներում նույնպես օգտագործել: Պարզապես, առողջապահական առումով, կարծում եմ՝ շատ կարևոր է, որովհետև քաղցկեղային հիվանդություններից մահացությունները Հայաստանում շատ են: Եթե մենք այն արագ գործի դնենք, ապա բոլոր տեսակի քաղցկեղի հիվանդությունների դիագնոստիկայի համար լուրջ առաջընթաց կլինի»,- նշել էր  Անի Ապրահամյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս