Բանկային համակարգն անորոշության մեջ է
Համավարակը խնդիրներ է ստեղծել ոչ միայն տնտեսության, այլև բանկային համակարգի համար։ Որքան էլ կառավարությունը փորձում է որոշ ոլորտներում տոկոսների սուբսիդավորման միջոցով թուլացնել վարկային ռիսկը՝ դա դեռ չի նշանակում, թե դրանով բոլոր խնդիրները լուծվեցին։
«Ամենամեծ ռիսկն առկա անորոշությունն է, որովհետև մենք չգիտենք՝ կորոնավիրուսով պայմանավորված տնտեսության դանդաղման ժամկետներն ինչպիսի ազդեցություն և հետևանքներ կունենան»,- ասում է Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:
Բանկերը սկսել են գնալ կոնսերվացման, ինչը ճգնաժամի պայմաններում, երբ նվազում են տնտեսության ու հասարակության եկամուտները, միանգամայն բնական է։ Վարկառուները կորցնում են վճարունակությունը։ Դրա հետևանքով վաղը նրանք բախվելու են վարկային պարտավորությունների սպասարկման դժվարությունների հետ։ Ու դա կարող է բերել չաշխատող վարկերի ավելացման։
Այս պահին Հայաստանի բանկային համակարգում չաշխատող վարկերի պորտֆելը գուցե մեծ չէ կամ հեռու է վտանգավոր գոտուն հասնելուց, բայց փաստ է, որ ճգնաժամային իրավիճակներում դա ավելանալու մեծ հակում ունի։ Առավել ևս՝ այն պայմաններում, երբ վերջին 2 տարիներին վարկային բեռը բավական ծանրացել է։ Հատկապես տնային տնտեսությունների դեպքում, որոնց բեռը շատ ավելի արագ է աճել, քան եկամուտները։ Հիմա, երբ տեղի է ունենում հասարակության եկամուտների կրճատում, այդ ռիսկն ավելի է մեծանում։
Դեռ վաղ է ասել, թե դա ինչպես կանդրադառնա ֆինանսական համակարգի կայունության վրա։ Բանկային հատվածում կա վստահություն, որ կկարողանան կառավարել ռիսկերը՝ նույնիսկ ամենավատ սցենարի դեպքում։ Այլ հարց ՝, թե ռիսկերը մինչև ուր կհասնեն։
Տնտեսական միջավայրից թելադրված անորոշություններն այսօր չափազանց շատ են։ Պարզ չէ, թե մինչև ո՞ւր կձգվի տնտեսության անկումը, և դա ինչպե՞ս կանդրադառնա տնտեսվարողների ու հասարակության եկամուտների վրա։ Ճիշտ է, կան որոշակի գնահատականներ, բայց դրանք խիստ նախնական են։ Տնտեսական ճգնաժամը դեռ պետք է հասնի հատակին, որպեսզի հնարավոր լինի խոսել վերականգնման հավանականությունների ու ժամկետների մասին։
Բանկային համակարգի անորոշությունները սրա հետևանք են։ Եվ քանի դեռ տնտեսության մեջ շատ բան անորոշ է, ֆինանսական ինստիտուտները ստիպված են ձգել գոտիները։
Նույնիսկ վարկային տոկոսների սուբսիդավորման պայմաններում բանկերը կարծես սկսել են ավելի զգույշ լինել ֆինանսական միջոցների տեղաբաշխման ժամանակ։ Հավանաբար նաև դա է այն դժգոհությունների պատճառը, հատկապես՝ գյուղացիության շրջանակից, որ բանկերը հրաժարվում են վարկեր տրամադրել։
Ապրիլին բանկային համակարգի վարկային կապիտալը կրճատվել է։ Խոսքը ռեզիդենտներին տրամադրված վարկային միջոցների մասին է։ Եթե մարտին այն հասել էր 3 տրիլիոն 411 միլիարդի, ապա ապրիլին կազմել է 3 տրիլիոն 348 մլրդ դրամ։
Այդպիսով՝ մեկ ամսում բանկերի վարկային պորտֆելը կրճատվել է 63 մլրդ դրամով։ Դա տեղի է ունեցել տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում։ Միակ բացառությունը եղել է գյուղատնտեսությունը, որտեղ աճ է գրանցվել. վարկային պորտֆելն ավելացել է 1,5 մլրդ դրամով։
Այն խոսակցությունները, որ աննախադեպ ծավալի ֆինանսական աջակցություն է ցուցաբերվում գյուղատնտեսությանը, այս ցուցանիշից չի երևում։ Անցած տարվա ապրիլին գյուղատնտեսության ոլորտի վարկային պորտֆելն ավելացել էր 4,2 միլիարդով։
Տնտեսության մյուս հատվածներում ապրիլին տեղաբաշխված վարկային միջոցները նվազել են։ Ընդ որում, դա տեղի է ունեցել նաև այնպիսի շուկաներում, որտեղ մինչև վերջերս կտրուկ աճեր էին արձանագրվում։ Խոսքը, մասնավորապես, հիպոթեքի և սպառողական վարկերի մասին է։
Ապրիլին բանկերի սպառողական վարկերի պորտֆելը նվազել է 5,5 մլրդ դրամով։ Նման բան տեղի չէր ունեցել 2017թ. հուլիսից ի վեր։ Այդ ընթացքում սպառողական վարկերը մեծ տեմպերով աճում էին։ Միայն անցած տարվա ընթացքում դրանք ավելացան ընդհուպ մինչև 245 մլրդ դրամով։
Սպառողական վարկերն ավելացել են նաև այս տարվա առաջին եռամսյակում. 3 ամսում՝ 36 միլիարդի չափով։ Բայց արդեն ապրիլին տեղի է ունեցել հակառակ պրոցեսը։
Կրճատվել է նաև բանկերի հիպոթեքային վարկերի պորտֆելը։ Ապրիլին այն կազմել է 391 մլրդ դրամ, ինչը 3,6 միլիարդով պակաս է նախորդ ամսվա համեմատ։
Գրեթե 17-18 մլրդ դրամի է հասնում նաև արդյունաբերության մեջ տեղաբաշխված բանկերի վարկային պորտֆելի նվազումը։ Չնայած այնպես չէ, որ տնտեսության այս հատվածում նախկինում նման դրսևորումներ չէին արձանագրվում։ Ի տարբերություն հիպոթեքի և սպառողական վարկերի շուկաների՝ բանկերը միշտ էլ պասիվ են եղել արդյունաբերության հատվածի վարկավորման առումով։ Ու դա արտահայտվել է նաև այն շրջանում, երբ կառավարությունը բանկային համակարգի վարկերը համարում էր տնտեսական հեղափոխության շարժիչ ուժը։
Անցած տարի արդյունաբերության վարկային պորտֆելը կրճատվեց գրեթե 23 մլրդ դրամով։ Այս տարվա սկզբին ակտիվություն նկատվեց, սակայն ապրիլին այն կրկին անհետացավ։
Ակտիվություն չի եղել նաև վարկային մյուս շուկաներում, որտեղ ևս պորտֆելները նվազել են։ Գրեթե 18 միլիարդով կրճատվել է առևտրի վարկավորումը։
Պարզ է, որ այս դրսևորումների վրա որոշակի ազդեցություն են ունեցել արտակարգ դրությունը, տնտեսական գործունեության ու հասարակության տեղաշարժի սահմանափակումները։ Ենթադրվում է, որ մայիսին իրավիճակն ինչ-որ չափով փոխվել է։ Բայց դա դեռ չի նշանակում, թե մոտ ապագայում այն կարող է վերադառնալ նախկին ակտիվությանը։
«Բոլորն էլ գիտակցում են, որ ստեղծված իրավիճակն ազդեցություն է ունեցել տնտեսվարողների, ֆիզիկական անձանց եկամտի վրա, և դա ազդեցություն է ունենալու վարկավորման վրա, որովհետև բանկերը չեն կարող վարկավորումն այնպես ապահովել, ինչպես նախկինում»։ Սա Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենի գնահատականն է՝ վարկային շուկայի առաջիկա սպասումների վերաբերյալ։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ