«Տաթևիկ Ռևազյանը թաքցրել է այդ ինֆորմացիան․ սա հատուկ արված քայլ է, որպեսզի հայկական ավիացիան վերջնականապես փոշիացնեն»․ Նավիկ Խաչատրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռավար ռեժիմով կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ: Քննարկմանը տեսակապի միջոցով մասնակցել է նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը:

Տաթևիկ Ռևազյանը նշել է, որ 2019թ. նոյեմբերի 20-ին տեղի ունեցած Եվրոպական թռիչքային անվտանգության թիմի նիստից ի վեր Կոմիտեն շարունակական միջոցառումներ է իրականացնում Հայաստանում թռիչքային անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով, և որոշման փոփոխության հարցը կարող է քննարկվել 2022 թ. նոյեմբերին:
Տաթևիկ Ռևազյանի այս հայտարարությունը անակնկալի է բերել ավիացիոն ոլորտի փորձագետներին։

Ավիացիոն փորձագետ Նավիկ Խաչատրյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այն, ինչ այսօր ասել է Տաթևիկ Ռևազյանը, նախկինում չի եղել ասպարեզում․ «Ավիացիոն մասնագետներն ուշի-ուշով ավիացիայում կատարվող ամեն ինչին հետևում են, և եթե այդ թվի ժամանակ խոսվեր այն ժամանակ՝ 2019 նոյեմբերի 20-ին, մեծ աժիոտաժ կբարձրանար, ընդհուպ, կարող է Տաթևիկ Ռևազյանին հեռացնեին, և նշանակեին որևէ մեկին, որն ավելի լուրջ կընդուներ փետրվարին տեղի ունենալիք անվտանգության աուդիտի թեման և միանշանակ չէր գցի երկրի վարկը։ Այսօր ՔԱԿ-ը նյութ է հրապարակում, որտեղ ասվում է, թե ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեն խոսում է նախկին տարիներին տեղի ունեցած խախտումների մասին․ չկա նման բան, նախկին տարիների մասին ոչ մի խոսք չկա։ Այնտեղ բացի այլ երկրներից ներառված է Հայաստանը և Հայաստանի 6 փոխադրողներ, որոնք ընկած են «սև ցուցակ» և Եվրոպա չեն կարող թռչել՝ անվտանգության վերահսկման նկատառումներով, որի պատասխանատուն ՔԱԿ-ն է, ոչ թե ավիաընկերությունները»։

Նավիկ Խաչատրյանը կատարվածը բնորոշում է որպես երկրի նկատմամբ թշնամական քայլ․ «Սա կարծես երկրի հակառակորդների կողմից արված քայլ լինի՝ ոչնչացնել տեղից էլ ծնկի եկած ավիացիան։ Ասում եմ՝ եթե 2019թ․ նոյեմբերի 20-ին ասվեր այն, ինչ այսօր է ասվել, Տաթևիկ Ռևազյանն իր պաշտոնին չէր մնա, բայց դա մի կողմ, կարևորը՝ շատ մեծ քայլեր կարվեին, որպեսզի այդ աուդիտը փետրվարին կատարվի։ Իսկ փոխարենը երկրի կառույցը ղեկավարող անձն ուղղակի պարտակում է այդ ինֆորմացիան, երևի իմանալով և վախենալով, որ դա մեծ արձագանք կունենա հանրության շրջանում։ Նա թաքցրել է այդ շատ վատ ինֆորմացիան, և հիմա ես առավոտից լրատվամիջոցներին հարցազրույցներ եմ տալիս, ասում եմ՝ եթե վարչապետը փորձի նոր և ուժեղ թիմ հավաքել, անցնել այդ աուդիտը, հաջորդ տարի գուցե արդյունքներ ունենանք, բայց արի ու տես, որ նման բան է տեղի ունեցել, որի մասին ոչ ոք չի իմացել, ինչը հատուկ արված քայլ է, որպեսզի հայկական ավիացիան վերջնականապես փոշիացնեն։ Ես և մյուս ավիացիոն փորձագետները կփորձենք սրա դեմը որոշ չափով առնել՝ անընդհատ բոլոր լրատվամիջոցների հետ զրուցելով։ Սա վատ հետևանքներ կունենա, անընդհատ մտածելու ենք, որ մեր ՔԱԿ-ը ինչ-որ բան է թաքցնում։ Լավ է, որ այսօր բացահայտվեց։ Իհարկե, Նիկոլ Փաշինյանը չի էլ պատկերացնում՝ ինչի մասին է խոսքը»։

Ինչ վերաբերում է ԵՄ «սև ցուցակին», և իշխանության ներկայացուցիչների այն պարզաբանումներին, որ հայկական ավիաընկերությունը միայն Լիոն էր թռչում, Նավիկ Խաչատրյանն ասաց, որ ավիացիայից քիչ թե շատ տեղյակ մարդը գիտակցում է, որ մեծ կառույցները, որոնք հանգրվանում են Բրյուսելում և օդանավերի վարձատուները, որոնք հիմնականում գտնվում են Իռլանդիայում, աշխատում են հետևյալ սկզբունքով․

«Երեկվա «սև թուղթը» բոլորն ունեն և վստահ եմ, նրանց տեղեկացրել են, որ Հայաստանին որևէ օդանավ չտան։ Իսկ որևէ երկրի շահագործող չի կարող օդանավը ձեռք բերել անմիջապես արտադրողից, այլ կարող է ձեռք բերել միայն վարձատուից։ Երեկվա ստացած «սև թղթերը» անմիջապես տարածվում են Բրյուսելի կենտրոնակայաններում ու օդանավի վաճառքով զբաղվող վարձատուների մոտ, բոլորը արդեն գիտեն Հայաստանի մասին, և մեր երկրի ավիացիոն իմիջը լրիվ ընկել է։ Մեզ օդանավ չեն տալու, մինչև դա չվերացվի, իսկ դա կվերացվի 2024թ․ ոչ շուտ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930