Ինչ է կատարվում ԱՄՆ-ում, ինչու է Թրամփը սպառնում ուժ կիրառել, և ինչպես կանդրադառնա ԱՄՆ-ում տեղի ունեցողը Հայաստանի վրա
Սևամորթ 46-ամյա Ջորջ Ֆլոյդի սպանությունը ցնցել է Միացյալ Նահանգներն ու Եվրոպան։ ԱՄՆ Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում մայիսի 25-ին ոստիկանությունը ցանկացել էր ձերբակալել Ֆլոյդին, ով, ըստ իրավապահ մարմինների նախնական հաղորդագրությունների, հրաժարվել էր դուրս գալ իր մեքենայից և դիմադրություն էր ցույց տվել։ Ոստիկանությունից հայտնել էին, որ ձերբակալելու համար նրանք ձեռնաշղթաներ են տվել Ջորջին, որից հետո տղամարդը սկսել է իրեն վատ զգալ, ուստի տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ մահացել է։
Սակայն ավելի ուշ ցանցում հայտնվեց ձերբակալության՝ ականատեսների կողմից արված տեսանյութը, որում երևում է, որ Ֆլոյդը ոչ մի դիմադրություն ցույց չի տվել, ավելին՝ նրա մահվան պատճառը ոստիկանության դաժան վերաբերմունքն է եղել: Տեսանյութերից մեկում երևում է, որ սպան ավելի քան յոթ րոպե ծունկը ծալված վիճակում պահել է Ջորջի վզին, մինչ վերջինս խնդրում է օգնել իրեն և ասում, որ շնչահեղձ է լինում: Տեսանյութում նաև երևում է, որ միայն այն ժամանակ, երբ Ջորջը կորցնում է գիտակցությունը, ոստիկանները շտապօգնություն են կանչում, սակայն արդեն ուշ է լինում:
Ջորջ Ֆլոյդի մահվան պատմությունը ցնցել է համացանցն ու աշխարհը։ Հասարակության մի մասը, քաղաքական գործիչներ և հոլիվուդյան աստղեր սկսել են արդարություն պահանջել Ֆլոյդի համար, այդ թվում՝ Քիմ Քարդաշյանը։ Բողոքի մասսայական միջոցառումներ են տեղի ունենում ԱՄՆ շատ քաղաքներում և նահանգներում, հանգեցնելով մինչև անգամ անկարգությունների՝ թալանի, վանդալիզմի, ոստիկանության բաժանմունքների վրա հարձակումների։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ում տեղի ունեցողը որակում է՝ որպես ներքին ահաբեկչության ակտ, և սպառնում զինված ուժեր կիրառել անկարգությունները վերացնելու նպատակով։
168․am-ը թեմայի շուրջ զրուցել է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր, միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ։
– Պարոն Սարգսյան, կորոնավիրուսային համավարակը թույլ չի տալիս համարժեք ուշադրության արժանացնել այն զանգվածային բողոքի ալիքը, որը բռնկվել է և շարունակում է տարածվել Միացյալ Նահանգներում սպիտակ ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սառնասիրտ սպանությունից հետո։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ է սա, ռասայական խտրականության դեմ զանգվածային բողո՞ք, ընտրություններին ընդառաջ ներքաղաքական պայքարի շրջանակում տեղավորվող գործընթա՞ց, թե՞ ներքին ահաբեկչություն, ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է որակում։
– Անձամբ իմ համոզմունքն է, որ դեպքերի հետագա զարգացումը, որը հետևեց Ջորջ Ֆլոյդի սպանությանը, բնականաբար, շատ տրամաբանական է, որովհետև նման դեպքերում Միացյալ Նահանգներում մշտապես այսպիսի շարժումներ լինում են: Այսպես կոչված՝ «Black Lives Matter» շարժումը կամ գաղափարը նոր չէ, որ ծնվել է Միացյալ Նահանգներում։ Ինչո՞ւ ես չեմ համարում, որ սա քաղաքական գործընթաց է, որովհետև նույնը տեղի էր ունեցել նաև նախորդ նախագահի՝ Բարաք Օբամայի օրոք։ Ընդհանրապես, երբ սպիտակ ոստիկանը սպանում է սևամորթ քաղաքացու, մշտապես նման զարգացումներ լինում են։ Միացյալ Նահանգների պատմությանը եթե հետևենք, կտեսնենք, որ սա նորություն չէ։
Այլ հարց է, որ այս ամենը տեղի է ունենում մի քանի իրադարձություններից հետո և մի քանի կարևոր իրադարձություններից առաջ։ Պետք է հաշվի առնել նաև, որ պանդեմիայի պատճառով մոտավորապես 2-3 ամիս Միացյալ Նահանգների ժողովուրդը տանը նստած էր, հնարավորություն չուներ աշխատելու, ֆինանսներ հայթայթելու, և բնական է, որ լուրջ խնդիրների էր բախվում՝ և՛ բարոյահոգեբանական, և՛ ֆինանսական, ուստի բնական է, այս ամենը կուտակվել է և ակումուլյացրել է, տվել իր արդյունքը՝ մարդիկ պարզապես դուրս եկան փողոցներ և սկսեցին տարբեր բաներ պահանջել: Թեև նաև պետք է հաշվի առնել, որ մի քանի ամսից ԱՄՆ նախագահի ընտրություններն են, սա նույնպես կարևոր հանգամանք է, որովհետև այս դեպքում տարբեր քաղաքական ուժեր այս գործընթացները պետք է փորձեն ուղղորդել, դրանց քաղաքական աստառ հաղորդել, և այդպես էլ տեղի ունեցավ։ Բայց մենք հիմա գործ ունենք երկու տարբեր գործընթացների հետ. առաջինը՝ արդար պահանջն է արդարադատության և արդարության՝ աֆրոամերիկացիների կողմից, և ոչ միայն աֆրոամերիկացիների կողմից, այլև ԱՄՆ ողջ հանրության կողմից։ Մյուս կողմից էլ՝ կա թալանի, անկարգությունների և խուլիգանության գործընթաց, որը, ըստ էության, որևէ կապ չունի խաղաղ ցուցարարների արդարացի պահանջների հետ, և նորից քաղաքական տարբեր խմբեր սա փորձում են ներկայացնել իրենց շահերին համապատասխան։
– Ի՞նչ զարգացում կարող է այս ալիքն ունենալ, ԱՄՆ-ի համար որքանո՞վ ճգնաժամային մասշտաբների կարող է հասնել՝ հատկապես համավարակի պայմաններում։
– Ըստ էության, արդեն իսկ ճգնաժամային երևույթ է, քանի որ մարդիկ այլևս կորոնավիրուսից չեն վախենում և դուրս են գալիս փողոց՝ մասնակցելու մասսայական միջոցառումների։ Թե որքան կշարունակվի՝ դժվար է ասել, համենայն դեպս, նախագահ Թրամփը, հնարավոր է, որոշում կայացնի զինված ուժեր օգտագործել ցուցարարներին հանդարտեցնելու, իրավիճակը վերահսկելու նպատակով։ Սա, իհարկե, բացառիկ քայլ կլինի ԱՄՆ-ի համար, որովհետև վերջին անգամ նման բան ԱՄՆ-ում տեղի է ունեցել 1992 թվականին։
Ինչևէ, իրավիճակը դեռևս շարունակում է լարված մնալ մի շարք նահանգներում, այդ թվում՝ մայրաքաղաք Վաշինգտոնում, և ամեն ինչ ներկայումս կախված է նահանգապետերի ակտիվությունից՝ որքանո՞վ կկարողանան իրավիճակը վերահսկելի դարձնել, թե՞ իրավիճակը դուրս կգա նրանց վերահսկողությունից, և նրանք ստիպված կլինեն դիմել ֆեդերալ իշխանություններին ու նախագահ Թրամփին, որպեսզի նա նույնպես քայլեր ձեռնարկի իրավիճակը շտկելու համար։
– Հաշվի առնելով աշխարհում ստեղծված իրավիճակը, դրանում Միացյալ Նահանգների դերակատարությունը, ամերիկյան ներկայիս իրավիճակն ինչպե՞ս կարող է անդրադառնալ այս ընդհանուր պայքարի վրա, ինչպե՞ս կարող է առնչվել մեր տարածաշրջանին, մասնավորապես՝ Հայաստանին։
– Չեմ կարծում, որ այս ամենն արտաքին քաղաքական հետևանքներ ունենա և ինչ-որ ձևով ազդի մեր տարածաշրջանի վրա։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-ում և ընդհանրապես համավարակին, նման մասսայական հավաքներն ամենավատ բանն են, որ կարող են տեղի ունենալ համավարակի ընթացքում, քանի որ չկա սոցիալական հեռավորություն, չկան պաշտպանության միջոցներ, այնպես որ՝ սա, իհարկե, կարող է վատ հետևանքներ ունենալ ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի գործում։
Բայց գոնե արտաքին քաղաքական ազդեցություններ, չեմ կարծում՝ իր մեջ ունենա, չնայած արտաքին քաղաքականությունը ներքինի շարունակությունն է, և, եթե այս գործընթացների արդյունքում Թրամփը չվերընտրվի: Բնականաբար, ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունն ընդհանրապես կփոխվի, եթե Ջո Բայդենն ընտրվի, բայց սա խոսակցության այլ թեմա է և ըստ էության այս ամենի հետ կապ չունի։