«Գագիկ Ջհանգիրյանը որպես վկա՝ հարկ լինելու դեպքում, կարող է «Հոկտեմբերի 27»-ի գործով հարցաքննվել». Գլխավոր դատախազ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսօր խորհրդարանում Գլխավոր դատախազին հարց ուղղեց, թե արդյո՞ք Գագիկ Ջհանգիրյանը կարող է մասնակցել «Հոկտեմբերի 27»-ի գործով քննչական գործընթացին:
«Մենք տեղյակ ենք, որ «Հոկտեմբերի 27»-ի գործը կրկին վերաբացվել է, ուզում եմ հասկանալ՝ տվյալ գործի հետ կապված ի՞նչ տեղեկատվություն կարող եք փոխանցել՝ ո՞ւր եք մենք հասել և ի՞նչ ուղիով ենք առաջ շարժվում: Հասարակության մեջ նման կարծիք կա, որ դատական համակարգի նախկին բարձրաստիճան պաշտոնյա պարոն Ջհանգիրյանը որոշակի տեղեկությունների է տիրապետում այս հարցով: Գործի վերաբացումից հետո նա քննչական պրոցեսին որոշակի մասնակցություն ունի՞, թե՞ ոչ»,- նշեց պատգամավորը:
Ըստ Արթուր Դավթյանի՝ գործի վերաբացումից հետո ամբողջ ծավալով նախաքննություն է իրականացվում:
«Նախաքննական մի քանի մարմինների քննիչների ներգրավմամբ ձևավորվել է քննչական խումբ, ստեղծվել է դատախազական հսկողական խումբ: Իմ կողմից մանրամասն գործի տվյալների և գործում առկա հատկապես հակասությունների հարթման կամ պարզման ուղղությամբ ծավալուն հանձնարարություն է տրվել ԱԱԾ ղեկավարին: Այս առումով մեծ տեմպով աշխատանքներ են իրականացվում այդ քրեական գործով բացահայտումներ անելու համար: Պարոն Ջհանգիրյանն այդ գործով որևէ մասնակցություն չունի, ըստ անհրաժեշտության, եթե պետք լինի որպես վկա հարցաքննելու, ենթադրում եմ, որ նման անհրաժեշտություն կլինի, մենք կփորձենք այդ տեղեկությունները ստանալ»,- շեշտեց նա:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում