Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ կարծիքի մեկնաբանությունը՝ ըստ Արթուր Դավթյանի

Դատախազության գործունեության մասին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած հաղորդումից զատ, պատգամավորներին հետաքրքրում էր նաև Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ի  խորհդատվական կարծիքի մասին մեկնաբանությունը, ՀՀ երկրորդ նախագահին հիվանդանոցային պայմաններում պահելու մասին դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցի օրինականության հարցը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր  Արյուսակ Ջուլհակյանին ևս հետաքրքրում էր Արթուր Դավթյանի կարծիքը, թե ինչպես է, որ դատարանը բավարարել է  Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայցը,  և իրենց պաշտպանյալը մինչև կորոնավիրուսի պանդեմիայի ավարտը պետք է մնա ազատության մեջ։

Գլխավոր դատախազի պարզաբանմամբ՝  Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը հայց էր ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, հետևյալ պահանջով, որ մինչև արտակարգ դրության ավարտը Քոչարյանը մնա համապատասխան բուժհաստատությունում:
«Որպես կանոն՝ օրենսդրական ոչ հստակ կարգավորումների պատճառով այս բնույթի վարույթներում դատարանները մեզ չեն ծանուցում: Բայց իմ համոզումը  բովանդակային առումով այն է, որ Դատախազն այս վարույթներում պետք է մասնակցություն ունենա առնվազն պատիժների և հարկադրանքի օրինականության նկատմամբ հսկողությունների լիազորության արդյունավետ իրացման շրջանակներում:

Համապատասխան հայցի ապահովման միջոցը դեռևս պաշտոնապես չի առաքվել Դատախազություն, հույս ունեմ, որ այսօր կստանանք համապատասխան դատական ակտը, կծանոթանանք դրա հիմնավորումներին և քրեակատարողական հիմնարկի մեր գործընկերների հետ կքննարկենք հետագա անելիքները»,- նշեց Գլխավոր դատախազը՝ անդրադառնալով  մինչև արտակարգ դրության ավարտը Ռոբերտ Քոչարյանի բժշկական հաստատությունում մնալու վերաբերյալ որոշմանը՝ Արթուր Դավթյանը  չբացառեց, որ այդ որոշումը բողոքարկվի:

Գլխավոր դատախազը նաև անդրադարձավ Քոչարյանի գործով օրերս ՄԻԵԴ-ի հրապարակած խորհրդատվական կարծիքին՝ նշելով, որ ՄԻԵԴ-ի դիրքորոշումը շատ հստակ է:

«Առաջադրված չորս հարցերից երկուսին Եվրոպական դատարանն ընդանրապես չի պատասխանել, դիտարկելով դրանք՝ որպես վերացական: Երկու հարցերի կապակցությամբ՝ իրավական որոշակիության և օրենքի հետադարձ ուժի առումով, ներկայացրել է աքսիոմատիկ իրավաբանություն: Նա հստակ մատնանշել է, որ ըստ էության Կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում ինքնին փաստով չի տեսնում: ՄԻԵԴ-ի որոշումն ակնհայտ վկայությունն է մեր նախկինում հայտնած բազմաթիվ դիրքորոշումների, որ այդ հարցերին ըստ էության պետք է անդրադառնա գործը քննող դատարանը, այլ ոչ թե՝ ՄԻԵԴ-ը կամ նույնիսկ Սահմանադրական դատարանը»,- շեշտեց Արթուր Դավթյանը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս