Բաժիններ՝

Ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հրանտ Թոխատյանի` երեխաների տոնին նվիրված համատեղ նախաձեռնությունը չի կայանա

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով հունիսի 1-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները պետք է ներկայացնեին Սերգեյ Պրոկոֆևի «Պետյան և Գայլը» սիմֆոնիկ հեքիաթը, իսկ ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը պետք է պատմեր հեքիաթը: Սակայն նախաձեռնությունը չի իրականացվել:

Այս մասին Հրանտ Թոխատյանը հայտնեց «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում: «Ես և նվագախմբի երաժիշտները պատրաստ էինք ուղիղ եթերում երեխաների համար հեքիաթ պատմել, բայց կա հանրապետության պարետի ու պարետատան որոշումը, որի համաձայն բոլորը պետք է դիմակներ կրեն, ինչը շատ ճիշտ որոշում է, և տանից դուրս գալիս անպայման պետք է դիմակ կրել, բայց դիմակով հեքիաթ պատմել ես չէի կարող, որովհետև չէի հարգի իմ մասնագիտությունը: Նույնը վերաբերում է նվագախմբի երաժիշտներին, ուստի մենք որոշեցինք սպասել ավելի լավ ժամանակների, երբ հնարավոր կլինի հանդիպել»,-նշեց Թոխատյանն ու ընդգծեց, որ հատկապես երաժիշտները դիմակով նվագել չեն կարող:

Թոխատյանն ընդգծեց, որ կփորձեն ինչ-որ կերպ նկարահանել հեքիաթի ընթերցումը և այն մատուցել առցանց հարթակում:

Թոխատյանը շնորհավորեց բոլոր երեխաների տոնը՝ նրանց մաղթելով առողջություն, երեխաներին հորդորեց լավ սովորել ու միշտ լսել ծնողներին, տատիկներին և պապիկներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս