«Պարտավոր չեմ ասել ճանապարհը, թե այն որտեղից եմ իմացել». Հրաչյա Հակոբյանը՝ իր հրապարակած տեսաուղերձի մասին
Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի դեմ ներկայացրած հայցին: Նա տեղեկացրեց, որ դատական հայցը վերաբերում է զրպարտությանը:
Նա վստահեցրեց, որ անպետք զենքի գնումների հետ կապված, որի մասին խոսել էր իր հրապարակած տեսանյութում, անհրաժեշտության դեպքում կարող է ներկայացնել նաև փաստեր:
«Ես արդեն խոսել եմ ապացույցների մասին, այսինքն՝ չեմ խոսել մի բանի մասին, որը դեռ պետք է ապացուցել: Խոսել եմ այն բանի մասին, ինչն արդեն ապացուցված է»,- ընդգծեց նա:
Հարցին՝ իսկ որտեղի՞ց իրեն այդ տեղեկատվությունը, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց՝ տարբեր տեղերից:
Դիտարկմանը, որ իրավապահ համակարգին է բնորոշ նման տեղեկատվություն հրապարակելը, Հրաչյա Հակոբյանը նկատեց.
«Եկեք հաշվի առնենք, որ ես ԱԺ պատգամավոր եմ և ունեմ որոշակի շրջանակ և օրենքով ինչ տեղեկատվություն կարող եմ իմանալ՝ իմանում եմ»:
Հարցին՝ դիմե՞լ է և այդ տեղեկատվությունը ստացե՞լ է, Հրաչյա Հակոբյանը կրկնեց՝ նման իրավունք ունի:
Հաջորդ հարցին՝ ի՞նչ ճանապարհով է ստացել, պատգամավորը պատասխանեց, որ ճանապարհը չի ուզում ասել.
«Ինչպես են լրագրողները շատ հաճախ ասում, որ իրենք իրենց տեղեկատվության աղբյուրը չեն բացահայտի, ես էլ հիմա պարտավոր չեմ ասել ճանապարհը, թե այն որտեղից եմ իմացել: Երեկվա իմ տեսաուղերձի հետ կապված ավելացնելու ոչինչ չունեմ»:
Հարցին՝ տեսանյութում խոսել է բանակում տարիներ շարունակ տրված փչացած ռագուի մասին, այդ տեղեկատվությունն է՞լ է իր աղբյուրների միջոցով ճշտել, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց, որ այդ ամենը տեսել է, տեսել է, թե Սերժ Սարգսյանի իշխանության օրոք զինվորն ինչ սնունդով է սնվում, ինչը ճշտելու կարիք չի ունեցել.
«Դա ես իմ աչքով եմ տեսել»: