
«Որևէ առիթ չունեմ մեկուսանալու, բայց ապահովության համար այսօր թեստ կհանձնեմ». Հրաչյա Հակոբյանը՝ վարչապետի ընտանիքի հետ շփումների մասին

Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ մեկուսացված չէ, քանի որ հաճախ է այցելում կառավարական առանձնատուն և շփվում վարչապետի ու նրա ընտանիքի անդամների հետ:
«Այս պահի դրությամբ որևէ առիթ չունեմ մեկուսանալու, որովհետև որքանով որ շփումը եղել է, որևէ կոնտակտ չենք ունեցել վարչապետի, Աննա Հակոբյանի և երեխաների հետ: Այսինքն, երբ ես եղել եմ նրանց տանը` որևէ ձևով կոնտակտի դուրս չենք եկել իրար հետ: Ես տուն մտնելիս, տանից դուրս գալիս ախտահանվել եմ, եղել եմ դիմակով, այնպես որ՝ այս պահին ես որևէ վտանգ չեմ տեսնում, որի համար էլ պետք է մեկուսանամ: Այնուամենայնիվ այսօր ես թեստ եմ հանձնելու՝ ապահովության համար, և ինչպես տեսնում եք՝ ԱԺ-ում շփումներս ունենում եմ մաքսիմալ հեռավորության վրա»,- ասաց Հրաչյա Հակոբյանը:
Հարցին՝ նույնիսկ Արփիի՞ն չի գրկել, սիրել, պատգամավորը բացասական պատասխան տվեց և շարունակեց. «Այն պահից սկսած, երբ եղավ այս որոշումը… և առհասարակ, քանի որ տանը ունեմ թիրախային խմբում գտնվող մայր՝ տարիքի հետ կապված, ես երեխաներին չեմ գրկել, կոնտակտի դուրս չեմ եկել: Ասում եմ՝ եղել եմ դիմակով, ախտահանվել են տուն մտնելիս ու տանից դուրս գալիս: Մորս հետ էլ նույնպես շփում չեմ ունենում, կոնտակտի դուրս չեմ գալիս»:
Պատգամավորը դժվարացավ ասել՝ վարչապետի ընտանիքի բոլոր անդամները մնալո՞ւ են կառավարարական առանձնատանը.
«Կարծում եմ՝ այո, կմնան այնտեղ»:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց, որ հանձնել է կորոնավիրուսի թեստ, որի պատասխանը դրական է: