Արթուր Թովմասյանը հանդիպել է «Սասնա Ծռեր»-ի արցախյան կառույցի ներկայացուցիչների հետ
ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր՝ մայիսի 30-ին, «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության գրասենյակում հանդիպել է կառույցի պատասխանատուների հետ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արթուր Թովմասյանը, ողջունելով ներկաներին, ասել է, որ ինքը քաղաքական հանդիպումների շարք է սկսել Արցախում գործող կուսակցությունների և 2020 թվականին կայացած ԱՀ նախագահական ընտրություններում առաջադրված թեկնածուների հետ, որի նպատակը հանդուրժողականության, համերաշխության մթնոլորտ ստեղծելն է:
Ա. Թովմասյանի խոսքով՝ Խորհրդարանի դռները բաց են խորհրդարանական և արտախորհրդարանական բոլոր ուժերի առաջ, և ինքը պատրաստակամ է քննարկելու «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության տեսակետները:
«Ներկա դրությամբ Արցախի բնականոն զարգացումը հնարավոր է նաև անկախ պետականության պայմաններում՝ տեսլականում ունենալով այն գաղափարը, որն այս պահին առաջ է քաշում «Սասնա Ծռեր» կուսակցությունը: Մենք գտնում եմ, որ ցանկացած իշխանություն իր դաշտում պետք է ունենա ընդիմություն: Բոլոր քաղաքակիրթ և ժողովրդավար երկրներում, որտեղ չկա ընդիմություն, որևէ լուրջ հաջողություն արձանագրել հնարավոր չէ: Կարծում եմ, որ «Սասնա Ծռեր» կուսակցության հետ կարելի է ստեղծել օրակարգ, որը չի վնասի ո՛չ կուսակցության և ո՛չ էլ իշխանությունների շահեը: Անկախ քաղաքական հայացքներից՝ մենք պետք է լինենք միասնական և միակամ, որն էլ կլինի մեր ազգի հաղթանակը»,-մասնավորապես ասել է Ա. Թովմասյանը:
Խոսելով արցախյան հիմնախնդրի մասին՝ ԱԺ նախագահն ասել է, որ եթե այդ հարցում բոլորն ունենան նույն կարծիքը, ապա բոլոր մարտահրավերներին կարելի է դիմակայել շատ հեշտ:
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության Արցախի գրասենյակի ղեկավար Գագիկ Եսայանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ա. Թովմասյանին նման ձևաչափով հանդիպումներ կազմակերպելու համար և ասել է, որ ինքը լիահույս է, որ նոր Խորհրդարանն իր ուրույն դերն ու նշանակությունն է ունենալու Արցախի զարգացման գործում:
Գ. Եսայանը, անդրադառնալով Ա. Թովմասյանի կողմից առաջարկված օրակարգային երեք հարցերին՝ արցախյան հիմնախնդիր, Հայոց ցեղասպանություն և առաջնագծի անվտանգություն, ասել է, որ, իր կարծիքով, արցախյան հիմնախնդրի լուծման ուղու վերաբերյալ իր տեսակետը չի համապատասխանում առաջարկվող տարբերակներին: Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման գործում պետք է պահանջատիրական մոտեցում ցուցաբերել, այլ ոչ թե աղերս ներկայացնել, իսկ առաջնագիծը, միանաշանակ, պետք է լինի անվտանգ: