Անդրանիկ Քոչարյանը 2 օր ժամանակ տվեց Յուրի Խաչատուրովին
Ավարտվեց ԱԺ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի այսօրվա նիստը, որին տեսակապի միջոցով մասնակցում էր ՀՀ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում, մինչ այսօրվա նիստի աշխատանքների ամփոփումը, հայտարարեց, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովն ունի 2 օր ժամանակ՝ ներկայանալու հանձնաժողովին և պատասխանելու հարցերին:
«Ես հիմա շատ կարևոր հայտարարություն եմ անում, հատկապես պարոն Նալբանդյանին լսելուց հետո: Կան բաներ, որ Յուրի Խաչատուրովը հանձնաժողովում պետք է պատասխանի հարցերին, դրանք այնքան կարևոր են, որ ես հիմա այս հայտարարությունն անում եմ: Նորից նամակներ չենք ուղարկելու, որովհետև ուղարկել ենք ու ստացել ենք պատասխան: Պատահական չէ, որ ես հայտարարում եմ, որ պարոն Խաչատուրովը պետք է պատասխանի մեր հարցերին: Կլինի մի օր, երբ այս ամբողջ ձայնագրությունները Ձեզ հասանելի կլինեն: Պարոն Նալբանդյանին լսելուց հետո, մենք պատրաստ ենք հրավիրել ցանկացած ձևաչափով նիստ, որպեսզի նա պատասխանի մեր հարցերին: Եթե նա չներկայանա հանձնաժողովին, մենք մեր եզրակացությունները կներկայացնենք՝ առանց Խաչատուրովին լսելու: Եվ այդ եզրակացությունների մեջ կլինեն եզրահանգումներ, որով արդեն պետք է զբաղվեն այլ մարմիններ. քննիչ հանձնաժողովն այլևս անելիքներ չունի»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը:
Նա ընդգծեց, որ Յուրի Խաչատուրովը միակ պաշտոնյան է, որին հրավիրել են հանձնաժողով, և նա չի ներկայացել:
«Մի անգամ կատակով ասել եմ, որ մնում էր Թրամփին հրավիրեինք, նա չէր մերժի: Ինչո՞ւ է Խաչատուրովը մերժում՝ ես չգիտեմ, այդ հարցը մենք պետք է տանք, թե ինչ է նշանակում՝ մերժել մի հանձնաժողովի աշխատանքներին մասնակցել, որին մասնակցել են բոլոր պաշտոնյաները, այդ թվում՝ իր ենթակայության տակ եղած զինվորականները: Դուք չկասկածեք, եթե ինքնաթիռ լիներ, պարոն Նալբանդյանը Մոսկվայից օր առաջ պետք է գար»,- նշեց Ա. Քոչարյանը:
Նա հրաժարվեց որևէ չակերտ բացել՝ նշելով, որ ինքը չակերտներ բացող չէ, միայն անում է հայտարարություններ, որից լրագրողները կարող են կատարել վերլուծություններ:
Ինչ վերաբերում է Նալբանդյանի պատասխաններին, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նա իրենց հարցերին տվել է շատ դիվանագիտական պատասխաններ:
Մեկ անգամ ևս շեշտելով Յուրի Խաչատուրովի հանձնաժողով գալու անհրաժեշտությունը, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ մինչև ամսի 4-ը Յուրի Խաչատուրովը, հատկապես Էդուրադ Նալբանդյանին լսելուց հետո, ճիշտ կանի անպայման գա և պատասխանի իրեն ուղղված հարցերին։ Պատգամավորն ասաց նաև, որ՝ «բնականաբար դա առնչվում է այն գործընթացին, որտեղ կա բանակցային պրոցեսներ»։ Այլ փակագծեր կամ չակերտներ չբացեց հանձնաժողովի նախագահը։
Հիշեցնենք, որ հանձնաժողովն իր աշխատանքներն ամփոփելու է հունիսի 4-ին: