Գողություն՝ թիվ 8 երթուղու ավտոբուսում
Մայիսի 26-ի երեկոյան մի կին ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր տվել, որ ժամը 20.30-ի սահմաններում թիվ 8 երթուղու ավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է փող, վարորդական իրավունքի վկայական ու բանկային քարտեր:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցին:
Որոնողական աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները, և մասնագիտացված ստորաբաժանման պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ նույն օրը գողությունը բացահայտվեց:
Քրեական հետախույզները Գայի պողոտայի և Լվովյան փողոցի խաչմերուկից ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին Երևանի Բաղյան փողոցի 42-ամյա մի բնակչի:
Նա տվել է խոստովանական բացատրություն և վերադարձրել գողոնը:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: