«Նման կերպ սեփական ժողովրդի մասին արտահայտվելը մեղք է, չի կարելի». Սուրեն Բագրատունին՝ Նարեկ Հախնազարյանին
Օրերս համավարակի հետևանքով Հայաստանում ստեղծված իրավիճակին է անդրադարձել թավջութակահար Նարեկ Հախնազարյանը՝ «Հայեր vs կորոնավիրուս» վերտառությամբ տեսաուղերձում: Երաժիշտն այս անգամ պատվից վեր է համարել հայաստանցիներին դիմել «հայրենակիցներ»-ով, փոխարենը՝ չի զլացել գովել Նիկոլ Փաշինյանին և նրա կառավարությանը:
«Բարև ձեզ, հայեր: Սովորաբար, իմ վիդեոները սկսում եմ «Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ» խոսքերով, բայց հիմա նման ցանկություն չունեմ: Ամբողջ կյանքումս այսքան զայրացած չեմ եղել և իմ ազգի համար այսպիսի ամոթ չեմ զգացել: Այնպիսի ամոթ զգացի այս երկու ամիսներին, երբ դուրս եկա կարանտինից և տեսա, վկա եղա, թե ինչպես է ժողովուրդը վերաբերվում կորոնավիրուսին: Մեր երկրի կառավարությունը, վարչապետը, պարետը, առողջապահության նախարարն արեցին ամեն ինչ, ինչ հնարավոր է՝ այսպիսի փոքր և ոչ հարուստ երկրում դանդաղեցնել, կանգնեցնել կորոնավիրուսի աճը, ՀՀ քաղաքացիներին հնարավորին չափ պահել ապահով և առողջ»,- ասել է նա՝ պնդելով, որ շատ զարգացած երկրների համեմատությամբ՝ մենք հետ չենք մնացել կառավարության գործողությունների առումով:
Նա նշել է, որ տասը հատ դիմակ առնելը թանկ չէ, որ առողջ լինես, ինչը ոչ մեկը չի չի ուզում ընդունել, ըստ նրա՝ այսօր հեշտ է քննադատել կառավարությանը:
«Պաշտոնական տվյալներով վարակման 450 նոր դեպք կա: Բացեցի Ֆեյսբուքը և զզվեցի ուղղակի»,- շեշտել է նա:
Հախնազարյանի ոչ երաժշտական ելույթին այսօր Ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում արձագանքել է երաժիշտ, թավջութակահար Սուրեն Բագրատունին:
Նա նշել է, որ ռուսերեն է խոսում, քանի որ շատ հայ ընկերներ հայերեն չգիտեն, ապա շարունակել.
«Անկեղծ ասած, ես խորապես վշտացա՝ լսելով Նարեկ Հախնազարյանին: Ընդ որում, ոչ միայն լսածից, այլ նաև տոնից, որով դա ասվել է: Ընդհանրապես այդ թեման չպետք է առնչվի արտիստի, ջութակահարի, երաժշտի շահերին: Ասել, որ կառավարությունն ամեն ինչ արել է, բացարձակ ամեն ինչ, իսկ այ, ժողովուրդը… վատ բառեր օգտագործել, որոնք չեմ կարող արտաբերել ռուսերենով… այդ անգրագետները… Նման կերպ սեփական ժողովրդի մասին արտահայտվելը մեղք է, չի կարելի: Պետք է հասկանալ և զգալ սեփական ժողովրդին»:
Բագրատունին հիշեցրել է, որ շատ վաղուց է հեռացել Հայաստանից՝ 18 տարեկանում, բայց շատ սիրում է Հայաստանը, հայերին, և կօգնի՝ երբ կկարողանա և ինչով կկարողանա:
«Նման բաներ ասելուց առաջ լավ մտածիր, չի կարելի: Ժողովուրդը մեղավոր չէ: Ես անձամբ կարծում եմ, որ վարչապետը չպետք է իր վրա վերցներ Աստծո դերը, այլ վստահեր համապատասխան ծառայություններին, իսկ համապատասխան ծառայությունները պետք է կոմպետենտ լինեին: Հիմա ինչ-որ տեղ ինչ-որ բան չի աշխատում, այստեղ ի՞նչ կապ ունի ժողովուրդը: Չի կարելի: Եվ հետո ինձ և քեզ համար 300-400 դրամը մեծ փող չէ, համաձայն եմ, բայց Հայաստանում ապրող մարդկանց համար, որոնք երբեմն չեն կարողանում հաց գնել ու կերակրել երեխաներին, դա փող է: Երկրորդ՝ նույն դիմակների վրա սևով սպիտակի վրա գրված է, որ չեն պաշտպանում կորոնավիրուսից: Բայց հարցն անգամ դրանում չէ, կարելի էր ընտրել ավելի լավ «լեզու», արտահայտություններ սեփական ժողովրդին դիմելու համար: Ի վերջո, մի մոռացիր՝ որտեղից ես դու, ով ես դու, և այդպես ժողովրդի հետ, ժողովրդի մասին մի խոսիր, չի կարելի: Դա չափազանց վիրավորական է: Ես ցանկանում եմ, որ այս ամենը մնա հետևում, որ հայ ժողովուրդը, այդ թվում՝ ես ու դու, Նարեկ, բարգավաճի և անի ամեն ինչ ի բարօրություն այդ ֆանտաստիկ երկրի, որը 100 անգամ լավն է ցանկացած Շվեյցարիայից և ցանկացած Ավստրիայից, որն ինչ-որ մարդիկ ցանկանում են վերածել… սա Աստծո կողմից տրված պետություն է»,- եզրափակել է Բագրատունին: