Բաժիններ՝

«Թովմասյան» հիմնադրամի և «Armenian Arm»-ի կողմից ավելի քան 25 մլն ՊՆ-ին՝ զորակոչի ընթացքում ապահովելու համաճարակային անվտանգությունը

Խիստ կարևորելով ՀՀ զինված ուժերի համաճարակային անվտանգությունն առաջիկա զորակոչի ընթացքում, «Թովմասյան» հիմնադրամի և «Armenian Arm»-ի որոշմամբ՝ ավելի քան 25 մլն դրամը կուղղվի Պաշտպանության նախարարությանը՝ մոտալուտ զորակոչին մասսայական հետազոտություններ անցկացնելու նպատակով:

Այս մասին 168.am-ին հայտնեց «Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Վահան Խորխոռունին:

«Մայիսի 27-ին «Armenian Arm» հայրենասիրական հասարակական կազմակերպությունը կազմակերպեց հեծանվավազք Հայաստանի առաջատար մարզիկների մասնակցությամբ։ Մեկնարկը տրվեց Dvin Music Hall-ի հարակից տարածքից և երթուղին ընթացավ մինչև Մուրացանի զինվորական հոսպիտալ։

Հեծանվավազքին  մասնակցեցին Աշխարհի, Եվրոպայի և Հայաստանի բազմակի չեմպիոններ։ Ռազմական Ոստիկանությունը ուղեկցեց հեծանվավազքը և ապահովեց մասնակիցների անվտանգությունը։

Վահան Խորխոռունին և «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն այցելեցին Մուրացանի զինվորական հոսպիտալ, որպեսզի աջակցեն զինծառայողներին և անձամբ ծանոթանան հոսպիտալի առկա խնդիրներին:

Ավելի վաղ, «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի կազմակերպած աննախադեպ համահայկական նախաձեռնությունը, որը սկիզբ դրվեց մայիսի 2-ին, նպատակ ուներ օգնելու առողջապահական համակարգին կորոնավիրուսի դեմ պայքարի ծրագրերում:

Անկախ հասարակական խորհրդի վերահսկմամբ հավաքագրվել էր ավելի քան 109մլն դրամ: «Թովմասյան» հիմնադրամի և «Armenian Arm»-ի որոշմամբ՝ խիստ կարևորելով ՀՀ զինված ուժերի համաճարակային անվտանգությունն առաջիկա զորակոչի ընթացքում, գումարի մի մասը՝ ավելի քան 25 մլն դրամը, կուղղվի Պաշտպանության նախարարությանը՝ մոտալուտ զորակոչին մասսայական հետազոտություններ անցկացնելու նպատակով:

Անկախ հասարակական խորհրդի նիստի արդյունքում որոշվեց, որ ձեռք կբերվի 99.81% ճշգրտությամբ Covid-19-ի 10.000 թեստ»,- նշեց նա:

168.am-ի հետ զրույցում «Թովմասյան» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանն իր հերթին  հավելեց.

«25 միլիոն 200.000 դրամ տրվում  է ՊՆ-ին, որով ձեռք է բերվելու 99.81% ճշգրտությամբ Covid-19-ի 10.000 թեստ, որպեսզի իրենք կարողանան շահագործել «Roche» արտադրության իմունոֆերմենտային անալիզատորը, քանի որ գիտեք՝   ռապիդ-թեստերը 60 տոկոս ճշգրտություն ունեն: Սա արվում է, որ վարակով զինվոր չգնա բանակ: Այդ իսկ պատճառով ձեռք են բերվում այս թանկ թեստերը, որոնք 99.81% ճշգրտություն ունեն»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս