«Իրավապահ համակարգում տեռոր է. Փաշինյանի ճառն են ուզում, տեսնեն՝ դրա տակից ինչպես են դուրս գալիս». Արա Վարդանյան

Հայաստանն Արցախի հարցում բանակցություններում մնացել է միայնակ, համանախագահող երկրները գործում են մեր դեմ, Ադրբեջանը՝ նույնպես, մինչդեռ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ալիևը կառուցողական է։ Այսօր 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց քաղաքական գործիչ Արա Վարդանյանը՝ նշելով, որ Արցախի հարցի շուրջ ստեղծված այս իրավիճակն է նաև պատճառը, որ կոնսոլիդացվում են իշխանությանն ընդդիմադիր բոլոր ուժերը։

«Հասարակությունը հասկանում է, որ այս Կառավարության ապիկարությունն արդեն վտանգ է ներկայացնում թե ֆիզիկապես՝ վարակի հետ կապված, թե վտանգավոր է Արցախի հարցում։ Կարծում եմ՝ կգա ժամանակը, որ Նիկոլ Փաշինյանն արտաքին,  ներքին ճնշումների տակ պետք է հեռանա, իսկ նրա վրա արտաքին ճնշումներ կան՝ ինչպես Արցախի, այնպես էլ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում։ Փաշինյանի և նրա թիմի գործողություններն Արցախի և ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցում դավաճանություն են»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ Հայաստանի պատմության մեջ չի եղել մի այնպիսի ժամանակաշրջան, երբ իշխանությանը դեմ լինեն բոլոր ընդդիմադիր ուժերը։

Ըստ նրա՝ միևնույն ժամանակ՝ գրպանային են այն ընդդիմադիր ուժերը, որոնց օրակարգի առաջին կարևորագույն հարցը Արցախի և Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցը չէ։

Արա Վարդանյանն անդրադարձավ նաև իրավական համակարգում տիրող իրավիճակին և նշեց, որ կառավարության ղեկավարը տարբեր գործերի առնչությամբ անում է այնպիսի հայտարարություններ, որոնցից հետո իրավապահ կառույցները լրջագույն խնդիրներ են ունենում նրա ասածներին իրավական տեսք տալու համար։

«Երեկ վարչապետ Փաշինյանը Միքայել Մինասյանի հետ կապված արեց հայտարարություն։ Համոզված եմ՝ հիմա իրավական համակարգում տեռոր է տեղի ունենում, մարդիկ ասում են՝ Նիկոլ Փաշինյանի ճառը տվեք՝ տեսնենք, դրա տակից ինչպես ենք դուրս գալիս, մինդեռ իրավական համակարգում պետք է լիներ հակառակը։ Իրավիճակն այսպիսին է նաև Մարտի 1-ի գործով, երբ մինչև հիմա որևէ բան բացահայտված չէ»,- ասաց Վարդանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս