ՀԱՊԿ-ի խորամանկությունը․ Ադրբեջանը կդառնա՞ ՀԱՊԿ-ի դիտորդ

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն օրերս ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո առցանց ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ Շանհայի համագործակցության կազմակերպությունը և ԱՊՀ-ն ապագայում կարող են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործընկերների կարգավիճակ ստանալ։

ՌԴ ԱԳ նախարարը հիշեցրեց, որ ՀԱՊԿ գործընկերների և դիտորդների կարգավիճակ սահմանելու մասին որոշումը կազմակերպության անդամ պետությունների ղեկավարները երկու տարի առաջ ընդունել են Ղազախստանում։

«Որոշումը ստորագրել են պետությունների ղեկավարները, վավերացման գործընթացն ավարտվել է բոլոր երկրներում` բացի Տաջիկստանից։ Հենց որ Տաջիկստանն էլ վավերացնի, որոշումն ուժի մեջ կմտնի։ Մենք այսօր հաստատեցինք պայմանավորվածությունը, որ դա պետք է արվի փոխզիջման հիման վրա` հաշվի առնելով ՀԱՊԿ յուրաքանչյուր երկրի շահերը և այն հավելյալ օգուտը, որ կարող են քաղել մեր գործընկերներն ու դիտորդները»,- նշել էր նա։

Ընդ որում, նման դիտորդ կարող են լինել ոչ միայն երկրները, այլ նաև կազմակերպությունները։ Լավրովը հիշեցրել էր նաև, որ ՀԱՊԿ-ը սերտ կապեր ունի ՇՀԿ-ի և ԱՊՀ-ի հետ, և այսօր ուրվագծվում է նրանց դիտորդի կարգավիճակ տալու հայեցակարգը։

Բացի այդ, նրա խոսքով՝ կազմակերպության հետ ակտիվորեն համագործակցում է Սերբիան։

«Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածաշրջանի հարևան մյուս երկրները ևս կհետաքրքրվեն դրանով»,- ընդգծել է նախարարը։

Հայտնի է, որ ՀԱՊԿ-ում հայաստանյան փորձագիտական համայնքի գնահատմամբ՝ գլխավոր խնդիրներից մեկը դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակի  հնարավորության համաձայնեցումն էր, որը հնարավորություն է տալիս կազմակերպությունում Ադրբեջանի «պաշտպաններին» առաջադրել և առաջ մղել այդ երկրի թեկնածությունը, որը խիստ անցանկալի սցենար է ՀԱՊԿ անդամ Հայաստանի համար, որը չկարգավորված հակամարտություն ունի Ադրբեջանի հետ, և Ադրբեջանի դիտորդական կարգավիճակ ստանալու դեպքում հակամարտության կարգավորման գործընթացը կարող է ինքնըստինքյան տեղափոխվել այս հարթակ։ Թեև Հայաստանը ոչ մեկ անգամ է հայտարարել այն մասին, որ խոչընդոտելու է նման ծրագրերին, եթե այդպիսիք լինեն, սակայն մի շարք փորձագետների այդ պարզաբանումը չի գոհացնում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչպիսի տարաձայնություններ են առաջանում հետսովետական տարածաշրջանի կազմակերպություններում և ինչպես են դրանք հարթվում, ինչ լծակներ և ազդեցություններ են գործի դրվում։

Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ այս թեման շրջանառության մեջ է հայտնվում Լավրովի՝ փուլային կարգավորման մասին հայտարարություններից հետո, և ադրբեջանցի մի շարք պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ բազմիցս հայտարարել են՝ եթե Ռուսաստանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ադրբեջանահաճո մոտեցում որդեգրի, Ադրբեջանը կմիանա Ռուսաստանի ինտեգրացիոն կառույցներին։ Սակայն այս անգամ ՌԴ ԱԳ նախարարը խոսում է ԱՊՀ-ի մասին, որի կազմում է նաև Ադրբեջանը, և եթե ԱՊՀ-ն ստանա հատուկ կարգավիճակ, Ադրբեջանը ևս կստանա նման կարգավիճակ՝ ԱՊՀ անդամ մյուս բոլոր երկրների հետ միասին։

168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևն ասաց, որ կոնկրետ Ադրբեջանի հարցով նման խոսակցություն դեռ չի ուրվագծվում ՀԱՊԿ-ի և Ադրբեջանի օրակարգում։ Սակայն, ըստ նրա, այդ մասին ժամանակ առ ժամանակ խոսվում է, և այսօր էլ այդ խոսակցությունները կակտիվանան, քանի որ կա հնարավորություն Ադրբեջանի նման կարգավիճակի համար։

«ՌԴ ԱԳ նախարարը հավակնորդների ցանկում Ադրբեջանի մասին չի նշել, քանի որ նման հայտ Ադրբեջանից չկա։ Դիտորդության կարգավիճակը պետք է ստանա բոլոր երկրների հավանությունը, եթե չլինի նման հավանություն, այդ թվում՝ Հայաստանի կողմից, Ադրբեջանը չի կարողանա ստանալ այդ կարգավիճակը, թեև այն կողջունվեր մյուս բոլոր անդամ երկրների կողմից։ Չեմ կարող ասել, թե կուլիսային ինչ բանակցություններ և պայմանավորվածություններ կարող են լինել, բայց կա գործիք դա թույլ չտալու համար։ Կարելի է պատկերացնել, որ դա կարող է դառնալ ՀԱՊԿ-ում երկարատև և անլուծելի տարաձայնությունների պատճառ, այդ հեռանկարը դիտարկելով, կարծում եմ, շահագրգիռ երկրները կկասեցնեն նման գործընթացը։ Կարծում եմ, ամեն դեպքում թեման մի շարք կողմերի քաղաքական մանևրների և բանակցությունների հնարավորություն է տալիս, այն կխաղարկվի առաջիկայում տարբեր կոմբինացիաներով, այդ թվում՝ Բաքվի կողմից։ Սակայն վերջնարդյունքում, կարծում եմ, սա այն հարցն է, որին Հայաստանը կընդդիմանա ամեն կերպ»,- ասաց Եվսեևը։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ԱՊՀ-ն, այդ թվում՝ Ադրբեջանը, ստանա դիտորդի կարգավիճակ, եթե կազմակերպությունները ևս կարող են ստանալ նման կարգավիճակ, Եվսեևը պատասխանեց, որ այդ մասին խոսվել է ՌԴ ԱԳ նախարարի կողմից, և դրա նպատակն է՝ ընդլայնել ՀԱՊԿ-ի ազդեցության գոտին և ընդհանուր առմամբ ՀԱՊԿ-ն։

«Այդ մասին հայտարարությունները ցույց են տալիս, որ որոշակի գործընթացներ և քննարկումներ եղել են, կա հայտ կազմակերպության կողմից։ Բայց, ինչպես առանձին Ադրբեջանի դեպքում, այնպես էլ՝ ԱՊՀ-ի դեպքում Հայաստանը կարող է իր մոտեցումն արտահայտել։ Բնականաբար, բոլորի նպատակն է՝  զարգացնել կառույցը,  այն ընդլայնել ու ամրապնդել, և կազմակերպությունների հետ համագործակցությունն ավելի արդյունավետ կարող է լինել»,- ասաց Եվսեևը։

Տեսանյութեր

Լրահոս