ԱՄՆ-ը նախկինի պես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը. Պոմպեո
ԱՄՆ-ը նախկինի պես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն՝ Հանրապետության օրվա առթիվ ուղերձ հղելով Ադրբեջանին:
«Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության անունից շնորհավորում եմ Ադրբեջանի Հանրապետության ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ: ԱՄՆ-ը եւ Ադրբեջանը 30 տարի շարունակ պահպանում են կարեւոր գործընկերային հարաբերությունները: Մենք համագործակցում ենք այնպիսի կարեւոր հարցերով, ինչպիսիք են՝ անվտանգություն, էներգետիկա եւ տնտեսական զարգացում, ինչպես նաեւ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանություն: Մենք ուս-ուսի աշխատում ենք Աֆղանստանում խաղաղության հաստատման համար եւ համատեղ գործունեություն ծավալում Եվրոպայի էներգետիկ անվտանգության ամրապնդման հարցով՝ իրականացնելով «Հարավային գազային միջանցք» ծրագիրը:
Մեր երկու երկրները շարունակում են համագործակցել համաշխարհային սուր խնդիրների լուծման շուրջ: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ ԱՄՆ-ը նախկինի պես հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Չնայած նրան, որ այս տարի կորոնավիրուսի պանդեմիան եզակի մարտահրավերների պատճառ դարձավ, ես վստահ եմ, որ Ադրբեջանի ժողովուրդը կհաղթահարի այն արիությամբ եւ վճռականությամբ: ԱՄՆ-ը մշտապես Ադրբեջանի կողքին է եւ աջակցում է երկրի ինքնիշխանությանն ու անկախությանը»,-ասվում է Պոմպեոյի ուղերձում: