Բաժիններ՝

«Մենք բոլոր պոլիկնիկաներին ապահովել ենք արտահագուստով, պաշտպանիչ միջոցներով». ԱՆ խոսնակ

Մենք անվճար դիմակներ բաժանում ենք միայն բուժաշխատողներին: 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը՝ պատասխանելով հարցին, որ, եթե դիմակ կրելն է համարվում կորոնավիրուսով վարակվելու վտանգը կանխելու միակ միջոցը՝ ինչո՞ւ անվճար դիմակներ չեն բաժանվում քաղաքացիներին, ինչո՞ւ նման առաջարկ նախարարությունից չի արվում կառավարությանը:

«Առողջապահության նախարարությունը չունի այդքան հայտավորված դիմակ, որ ինքն իր միջոցներով քաղաքացիներին դիմակ բաժանի: Մենք ասել ենք, որ կտորից կամ տանն ինքնաշեն պատրաստված դիմակներով էլ կարող են քաղաքացիները դուրս գալ փողոց»,- նշեց նա:

Մեր հակադարձմանը, որ սա ռեալ չէ, ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ՝ տանը չունեն կտոր, պետք է այն գնել, ունենալ կարի մեքենա: Ավելին, լինում են դեպքեր, երբ դիմակի փոխարեն՝ շարֆով պաշտպանված քաղաքացուն խանութ չեն թողնում, անվճար դիմակի խնդիրը պիտի լուծի կառավարությունը՝ ԱՆ-ի առաջարկով, Ալինա Նիկողոսյանն արձագանքեց.

«Ես կարծում եմ, որ ստերիլ կտորներ կկարողանան գտնել: Եվ հետո՝ այդ հարցն Առողջապահության նախարարությունը չպետք է կարգավորի: Ինչ վերաբերում է առաջարկին, ո՛չ, նման առաջարկ չենք արել, և չգիտեմ՝ քննարկվո՞ւմ է, թե՞ ոչ»:

Հարցին՝ որ պոլիկնիկաների բժիշկների ուսերին նոր բեռ է դրվել՝ այցելելու տանը մեկուսացած կորոնավիրուսով վարակված հիվանդներին, մինչդեռ կան պնդումներ, խոսակցություններ, որ նրանք պաշտպանիչ համապատասխան հանդերձանքի խնդիր ունեն, ԱՆ մամուլի խոսնակը հակադարձեց.

«Ո՞վ է ասում, անվանական ասեք, ես զանգեմ՝ խոսեմ: Մենք բոլոր պոլիկնիկաներին ապահովել ենք արտահագուստով, պաշտպանիչ միջոցներով: Կրկնում եմ՝ եթե կա կոնկրետ դեպք, մենք զանգենք և խոսենք: Խնդրում եմ՝ եթե դուք ինչ-որ դեպք, փաստ տեսել եք, ուղարկեք ինձ, և ես ինքս կզբաղվեմ դրանով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս