«Մենք Վրաստանից պետք է խնդրեինք կազմակերպչական հարցերում խորհրդատվություն, թե ինչպես են արել, ոչ թե վիրավորեինք այդ մարդկանց ու ստանայինք դիվանագիտական սկանդալ». Վահե Հովհաննիսյան
«Մենք տապալեցինք համավարակի դեմ պայքարի փուլերը: Ժողովուրդը ձև արեց, թե կարանտին է պահում, իշխանությունն էլ ձև արեց, թե ամեն ինչ կարգին է»,- «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը:
Վերջինիս կարծիքով` կորոնավիրուսային հաստատված վարակակիրների թվի աճից ավելի կարևոր է արվող թեստերի քանակը, որոնք շատ քիչ են, իսկ թեստերն անհրաժեշտ են օբյեկտիվ իրականությունը հասկանալու համար:
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե իշխանությունը լուրջ չվերաբերվեց համավարակին, Վահե Հովհաննիսյանն ասաց, որ դա բնորոշ է առհասարակ պոպուլիստ իշխանություններին:
«Պոպուլիստ իշխանությունը սովոր է բոլոր հարցերին նայել պոպուլիզմի տեսանկյունից»,- նշեց նա` հավելելով, որ իշխանությունն ընտրում է որևէ խորհուրդ տվողի նկատմամբ ցուցադրական արհամարհանքի տարբերակը, և դա տալիս է իր «արդյունքները»:
Ըստ նրա` երբ իշխանությունը պոպուլիստական է, յուրաքանչյուրը լուծում է իր անձնական խնդիրը, և ինչ-որ պահից ամեն մեկը սկսեց իր խաղը:
Ըստ Վահե Հովհաննիսյանի՝ իշխանությունը չունի գործողությունների ռազմավարություն և թիմ, որը դրանք կիրականացնի:
«Եթե դու ոչ մեկն ունես, ոչ մյուսը, և օր ու մեջ փոխվում է հայտարարությունների բովանդակությունը և դրանց մեսիջը հասարակությանը, դա անլրջություն է»,- նշեց Վահե Հովհաննիսյանը:
Խոսելով Վրաստանի գրանցած հաջողության մասին` բանախոսը նշեց, որ մեր իշխանությունը պետք է շատ արագ հասկանա, թե ինչու Վրաստանը հաջողության հասավ:
«Էքստրեմալ պայմաններում իշխանությունը պետք է լինի կոշտ: Վրաստանի կառավարությունը կատարեց մի շարք քայլեր, որոնք բնակչությանը դուր չէին գալիս, բայց դրանով նա հաղթահարեց համավարակը»,- ասաց Վահե Հովհաննիսյանը` շեշտելով, որ, ի տարբերություն Վրաստանի իշխանությունների` մեր իշխանությունը ֆեյսբուքյան իշխանություն է, ու նրա համար էական է ասել մի բան, որը դուր կգա, կլայքեն:
Վահե Հովհաննիսյանի կարծիքով` պետք է լինի հանրային ճնշում, որ մեր իշխանությունը միջազգային օգնություն խնդրի:
«Մենք Վրաստանից պետք է խնդրեինք կազմակերպչական հարցերում խորհրդատվություն, թե ինչպես են արել, ոչ թե վիրավորեինք այդ մարդկանց ու ստանայինք դիվանագիտական սկանդալ»,- ասաց Վահե Հովհաննիսյանը` ընդգծելով, որ մենք հումանիտար աղետի շեմին ենք:
Մանրամասները` տեսանյութում