Բաժիններ՝

Սարդարապատում տրվեց անշրջելի պատմական գործընթացների մեկնարկը

1918 թ. մայիսի 28—ին Հայկական ազգային խորհուրդը հռչակեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։ Հայ ժողովրդի համար պատմական այդ կարեւորագույն իրադարձությունը զուգակցվեց Թուրքիայի կանոնավոր բանակի նկատմամբ հայկական զորքերի տարած փառահեղ հաղթանակներով։ 1918 թ. ապրիլի 22—ին Անդրկովկասի սեյմի՝ Ռուսաստանից անջատվելու մասին հայտարարելուց հետո, փորձելով օգտվել տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական եւ ռազմական անորոշ վիճակից, Թուրքիան կազմակերպեց եւ մայիսին վերսկսեց հարձակումը Անդրկովկասի ուղղությամբ՝ նպատակ ունենալով գրավել Երեւանը եւ Թիֆլիսը։

Գիտակցելով պահի պատմական կարեւորությունը հայ ժողովրդի եւ նրա պետականության պահպանման համար՝ Արամ Մանուկյանը, Դրաստամատ Կանայանը, Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը եւ մի խումբ այլ նվիրյալներ կազմակերպեցին կամավորական եւ Ռուսական բանակի հեռանալուց հետո մնացած հայկական կորպուսի կանոնավոր զորախմբերը։ Հայ մարտիկներին միացան նաեւ եզդիները՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ։

Հայկական ուժերի անձնվիրության եւ հմուտ մարտավարության շնորհիվ մայիսի 21—28—ը թուրքական բանակի հետ տեղի ունեցած ճակատամարտերի փայլուն ելքի շնորհիվ հաջողվեց չեզոքացնել Թուրքիայի ծրագիրը։ Հայ ժողովրդի պատմության ոսկե էջերում գրվեցին Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի եւ Սարդարապատի հերոսամարտերը։ Խորհրդանշական է, որ տեւական դադարից հետո հայկական պետականության վերականգնումը տեղի ունեցավ թուրքական հերթական առաջխաղացման կասեցման ֆոնին։

Հայկական պետականության վերջին կրողի՝ Կիլիկիայի հայկական թագավորության անկախ իշխանների տիրույթները 1515 թ. վերջնականապես զավթել էին օսմանյան թուրքերը։ Դրանք 140 տարի պահպանվել էին մամլուքների արշավանքների հետեւանքով 1375 թ. Սիս մայրաքաղաքի գրավմամբ Կիլիկիայի թագավորության անկումից հետո։ Կիլիկյան թագավորության նախորդ՝ Բագրատունիների թագավորությունն էլ Բյուզանդիայի դեմ մղած երկարատեւ հերոսական պայքարից հետո կործանվել էր 1045 թ.։

«Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով եւ Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ՝ Հայ ազգային խորհուրդն իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը։ Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել Հայոց ազգային կառավարություն՝ Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները՝ հայկական գավառների քաղաքական ղեկը վարելու»։ Ազգային խորհրդի այս ուղերձը մայիսի 28—ին դարձավ անկախ Հայաստանի Հանրապետության հռչակագիրը։ Պնդումները, թե դրանով հայերը վերականգնել են 900 կամ 600 տարի առաջ կորցրած պետականությունը, իրականության ճշգրիտ ներկայացումները չեն։

Հայկական թագավորությունների անկումից հետո էլ Հայոց պետականությունը պահպանվել էր տարբեր ձեւաչափերով՝ անկախ իշխանությունների, մելիքությունների, սղնախների եւ այլ հանրային միավորների միջոցով։ Շատ դեպքերում պետականության գործառույթներն իր վրա է վերցրել նաեւ Հայ առաքելական եկեղեցին։ Հետեւաբար, պետականության տարրերը մշտապես ուղեկցել են հայ ժողովրդին՝ նույնիսկ տարբեր կայսրությունների տիրապետության տակ գտնվելու դարերի ընթացքում, ինչի հիման վրա էլ արագ ձեւավորվեցին առաջին հանրապետության պետական ինստիտուտները եւ Ազգային կառավարությունը։

Գոյության երկու տարվա ընթացքում առաջին հանրապետության կառավարությունը եւ խորհրդարանը ձեւավորեցին պետականության բոլոր հիմնական բաղադրիչները։ Պետականաշինությունն ընթանում էր պարբերաբար մղվող ռազմական գործողություններին զուգահեռ։ Ունենալով Արեւմտյան Հայաստանից եկած մեծ թվով գաղթականների խնդիրը՝ երկու տարվա ընթացքում Հայաստանը ճնշեց թուրք—թաթարների ներքին խռովությունները, որոնք հրահրում էին Թուրքիան եւ Ադրբեջանը։ Հայկական նորաստեղծ պետությունը Զանգեզուրում ռազմական գործողությունների մեջ մտավ Ադրբեջանի հետ։ Լոռիում բախում եղավ Վրաստանի հետ։ Գոյության վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետությունը զգալի ռեսուրսներ էր ուղղում Թուրքիայի ռազմական ագրեսիային եւ բոլշեւիկյան Ռուսաստանին դիմակայելու համար։

Այս պայմաններում 1919 թ. հունիսին Հայաստանում կայացան առաջին խորհրդարանական ընտրությունները, եւ ձեւավորվեց 80 պատգամավորից կազմված օրենսդիր մարմինը, որի կազմում կային երկու թուրք—թաթար եւ մեկ եզդի։ 1920 թ. ստեղծվեց երդվյալ ատենակալների դատարանը, ապրիլին՝ ազգային դրամը։ 1920 թ. հունիսին կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության զինանշանը եւ օրհներգը։ Երկու տարիների կարճ ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում վերականգնվեցին եւ ժամանակի առաջադեմ չափանիշներով դրվեցին մեր պետականության հիմքերը։

Պետականության այդ կարեւոր բաղադրիչները եւ ինքնիշխանության գիտակցումն իրենց ազդեցությունը պահպանեցին խորհրդայնացված Հայաստանի գոյության 70 տարվա ընթացքում, եւ նախորդ դարի 90—ականներին դարձան հիմնական նախադրյալը՝ ԽՍՀՄ—ի կազմում ընդգրկված երկրներից առաջինը ինքնորոշվելու եւ անկախություն հռչակելու համար։ Առաջին հանրապետության հռչակումը տվեց հայ ժողովրդի պատմության նոր փուլի մեկնարկը, որում ապրում ենք այսօր։ Այն իրավամբ ապահովեց ժամանակակից Հայաստանի պետականության գաղափարախոսությունը եւ հիմնական ատրիբուտները։

Հայ ժողովրդի ինքնիշխանության իրավունքի վերածնունդն էր այն եւ դրանով սկսված պետականության՝ ժամանակակից քաղաքակրթության սկզբունքներին համահունչ զարգանալու անշրջելի պատմական գործընթացների մեկնարկը։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս