«Մահացած 20-ամյա երիտասարդը երկու քույր ունի, նրանցից մեկի ամուսինն էլ ՌԴ-ում է մահացել». Մարմաշենի համայնքապետ
Երեկ կեսօրին Շիրակի մարզի Մարմաշեն համայնքում ֆուտբոլ խաղալու ընթացքում 20-ամյա երիտասարդ է մահացել: Գյումիրի բժշկական կենտրոն տեղափոխելուց հետո պարզել են, որ մահն արդեն վրա է հասել:
Երիտասարդի մահվան դեպքի առթիվ ոստիկանությունը քննություն է իրականացնում:
168.am-ի հետ զրույցում Մարմաշենի համայնքապետ Կարեն Արշակյանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել Մարմաշենում նոր կառուցած ֆուտբոլի դաշտում, որի բացումը դեռ չեն էլ արել:
«Տղաներն այնտեղ ֆուտբոլ են խաղացել, երկու թիմերի միջև ինչ-որ վեճ է տեղի ունեցել, վեճի ընթացքում տեսել են, որ մեկն իրեն վատ է զգում ու ընկել է գետնին: Մոտեցել են, ուզել են օգնություն ցույց տալ, տեղափոխել են հիվանդանոց, բայց արդեն մահացած է եղել»,- նշեց Կ. Արշակյանը:
Հարցին՝ մահացած երտասարդին հարվածե՞լ են, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ընդհանուր վեճ եղել է, բայց նախնական տված դատաբժշկական եզրակացության համաձայն՝ հարվածի տեղ չկա, մարմնական վնասվածքը բացակայում է:
«Թևի վրա է ինչ-որ շատ քիչ քերծվածք եղել, որը հաստատ մահվան չէր տանի: Օրգանի աշխատողները երեկ ամբողջ օրն աշխատել են: Առայժմ նախաքննական այսքան տեղեկություն է տրված»,- հավելեց նա:
Նա նաև տեղեկացրեց, որ մահացած երիտասարդը բանակից նոր էր վերադարձել՝ 6 ամիս առաջ, ուստի չի կարծում, որ որևէ առողջական խնդիր է ունեցել.
«Երևի ավելի ճիշտ կլինի սպասել, տեսնենք՝ ինչ է լինելու մահվան հանգամանքի ուսումնասիրության վերջնական արդյունքը»,- շեշտեց համայնքապետը:
Նա նաև ասաց, որ մահացած երիտասարդն ունի երկու քույր, երկուսն էլ ամուսնացած են, քույրերից մեկի ամուսինն էլ Ռուսաստանի Դաշնությունում է մահացել, հավանաբար նրա դին այսօր կտեղափոխեն Հայաստան: