«Բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստանի կերտումը այլընտրանք չպետք է ունենա». Գագիկ Ծառուկյան
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության տոնի առթիվ, որում ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
սրտանց շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ: Արդեն 102 տարի մայիսի 28-ը խորհրդանշում է վերածնունդի ու դարերով փափագած անկախության ճանապարհի սկիզբը: Գոյատևելով ընդամենը 2 տարի՝ Հայաստանի առաջին հանրապետությունը փայլուն կատարեց իր պատմական առաքելությունը՝ հայ ժողովրդին զինելով անկախ պետականություն ունենալու հաստատակամությամբ ու նպատակասլացությամբ:
Սկզբում Խորհրդային Հայաստանի, իսկ 1991 թվականին արդեն ազատ և անկախ Հայաստանի Հանրապետության կերտման ճանապարհի սկզբնաքարը դրվեց հենց առաջին հանրապետության հռչակմամբ: 29-ամյա Հայաստանի երրորդ հանրապետությունն այսօր համավարակով պայմանավորված դժվարին օրեր է ապրում, սակայն մենք բոլորս պետք է հաստատակամ լինենք վստահորեն առաջ շարժվելու, մեր երկրի տնտեսությունը աստիճանաբար զարգացնելու, մեր անկախ պետականությունը հզորացնելու գործում:
Բարեկեցիկ ու բարգավաճ Հայաստանի կերտումը այլընտրանք չպետք է ունենա: Այս նպատակին մենք կարող ենք հասնել բացառապես բոլորիս միասնականությամբ, մեր երկրի վաղվա օրն ավելի պայծառ դարձնելու հաստատակամությամբ:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա՝ Հանրապետության տոնի առթիվ: Բոլորին մաղթում եմ քաջ առողջություն, ամուր հավատ, դժվարությունները հաղթահարելու կամք և տոկունություն:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…»: