«Քաղաքական որոշ շրջանակների կոչ եմ անում Ցեղասպանության թանգարանի հարցի մեջ չմտնել». Արայիկ Հարությունյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին:
«Ըստ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի» նոր տնօրենի կողմից հիմնական ֆոնդում արվող առաջարկների՝ հիմնական ֆոնդում գրանցված գրքերը, մամուլը համապատասխան ընթացակարգով այնտեղից պետք է հանվեն և ընդգրկվեն նոր ձևավորվող գրադարանում: Սա նշանակում է, որ հնարավորություն է տրվելու ֆոնդային նյութերի դուրսբերման թանգարանի սենյակներից, և չի բացառվում՝ նաև թանգարանից: Այստեղ պետք է հաշվի առնել, որ թանգարան-ինստիտուտը սովորական թանգարան չէ: Այս կառուցվածքային փոփոխություններն իրականացնելու համար մասնագիտական հանձնաժողով ձևավորվե՞լ է, թե՞ ոչ, քանի որ սա զուտ թանգարան չէ, այդ քայլերը որքանո՞վ եք նպատակային գնահատում»,- հարցրեց պատգամավորը:
Պատասխանելով հարցին՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ այդ հարցը դարձել է որոշակի քաղաքական շրջանակների շահարկման հարց:
Նա վստահեցրեց, որ այս գործընթացներում կորուստների որևէ վտանգ չկա. «Տարիներ առաջ ամբողջ ֆոնդը, որը ձևավորվել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, մտցվել է՝ որպես ֆոնդային նմուշներ, այդ թվում՝ գրադարանի նմուշները, և ըստ էության, դրանցից անհնար էր օգտվել: Հիմա մասնագիտական հանձնաժողովի կողմից, որը ձևավորել էր ինստիտուտի տնօրենը, որոշում է կայացվել ձևավորել գրադարան, որը հասանելի կլինի բոլորին: Այդ գրադարանից կարող են օգտվել բոլոր այն հետազոտողները, որոնք ցանկություն ունեն ուսումնասիրություններ կատարել կոնկրետ ոլորտում:
Հիմա տեղի է ունենում ֆոնդի ուսումնասիրություն, և պարզվել է, որ նույնիսկ փակ ֆոնդից որոշակի նմուշներ կորել են կամ այս պահին հայտնաբերված չեն: Կոչ կանեմ քաղաքական տարբեր շրջանակների՝ Ձեզ չի վերաբերում, գիտեք՝ ինչ շրջանակների մասին է խոսքը, այս հարցի մեջ չմտնել և չշահարկել՝ ելնելով այն հուզական միջավայրից, որ կա ձևավորված ինստիտուտի շուրջ»,- շեշտեց ԿԳՄՍ նախարարը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում