Նոր պարեկային ծառայության 1 տարվա աշխատավարձի ֆոնդը կկազմի 3 միլիարդ դրամ. Փոխնախարար

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ նիստում անդրադառնալով Հայաստանում Պարեկային ծառայություն ստեղծելու մասին նախագծին, հարց ուղղեց Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանին:

«Խնդրում եմ ասեք, թե Ճանապարհային ոստիկանության և պարեկային ծառայության համակարգերի հաստիքների քանակը որքա՞ն է: Ենթադրվում է, որ ոլորտի բազմաթիվ աշխատողներ դուրս են մնում, ինձ հստակ հետաքրքրում է, թե քանի՞ մարդ է դուրս մնալու»,- հարցրեց պատգամավորը:

Պատասխանելով հարցին, Քրիստինե Գրիգորյանն ասաց, որ Երևանում Պարեկապահակային ծառայության անդամների թիվը 840 է, Ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակն ունի 230 ծառայող, այսինքն՝ այս երկու ծառայությունների անդամների համատեղ քանակն անցնում է 1000-ը:

«Երևանում շարային ստորաբաժանումների թիվը նախատեսում ենք 700, չհաշված վարչակազմը, սրանք այն առաջին գծում ծառայողներն են, որոնց մենք տեսնում ենք: Ոստիկանության այն ծառայողները, որոնք չեն անցնի մրցույթը, նրանց ոստիկանությունում առաջարկվելու է այլ աշխատանք»,- շեշտեց նա:

Միքայել Մելքումյանը նկատեց՝ փաստորեն մոտավորապես 300 քաղաքացի ռիսկի գոտում է, որոնք հնարավոր է անցնեն այլ աշխատանքի:

Ինչ վերաբերում է ծախսերին, Արդարադատության փոխնախարարն ասաց, որ Պարեկային ծառայության տարեկան աշխատավարձի ֆոնդը կազմելու է շուրջ 3 միլիարդ դրամ:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս