«Ինձ զարմացնում է՝ համավարակի պայմաններում նախարարն այնքան ժամանակ ունի, որ դատարկաբանությանը մոտ գրառումներ է կատարում Ֆեյսբուքում». Գևորգ Գորգիսյանը՝ Արսեն Թորոսյանին

Այսօր առավոտյան ԱԺ-ում խորհրդարանական աշխատանքները սկսելուց առաջ Արարատ Միզոյանը նկատողություն արեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանին` նշելով, որ դահլիճում գտնվելու ընթացքում դիմակ կրելը պարտադիր է:

Այս հայտարարությունից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորիգսյանը ելույթ ունեցավ և իր խոսքում նշեց, որ կան դիմակներ, որոնց տուփի վրա գրված չէ, որ պաշտպանում է կորոնավիրուսից:

Պատգամավորի ելույթին արձագանքել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ով իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հաջորդիվ պարոն Գորգիսյանը կխոսի 5G աշտարակներով չիպավորելու, սոդայով քաղցկեղ բուժելու և հարթ երկրագնդի տեսությունների (Flat Earth) մասին»:

Գևորգ Գորգիսյանից 168.am-ը հետաքրքրվեց, թե ինչ է նկատի ունեցել` ասելով, որ դիմակը չի պաշտպանում կորոնավիրուսից, և ինչ է կարծում` արդյո՞ք նախարարն այդքան պարապ է, որ արձագանքում է ցանկացած գրառման կամ հայտարարության:

«Ցավոք, նախարարը պատշաճ ժամանակ չի հատկացնում` ծանոթանալու այն նյութի հետ, որի հետ կապված ցանկանում է որևէ կերպ արձագանքել, եթե ծանոթանար, ապա նման արձագանքի կարիք չէր լինի: Այդուհանդերձ ինձ զարմացնում է, որ համավարակի պայմաններում նախարարն այնքան ժամանակ ունի, որ դատարկաբանությանը մոտ գրառումներ է կատարում Ֆեյսբուքում: Երբ մենք ամիսներ շարունակ կոչ ենք անում լուրջ վերաբերվել համավարակին և ճիշտ քայլեր ձեռնարկել, Կառավարությունն իր անլրջությամբ քաղաքացիների մոտ այնպիսի մոտեցում ձևավորեց, որ քաղաքացիներն այլևս լուրջ չեն վերաբերվում համավարակին»,- շեշտեց Գևորգ Գորգիսյանը:

Ըստ նրա՝ երբ այսօր պատգամավորներին կոչ արվեց դնել դիմակներ, որից հետո ԱԺ նախագահը սպառնաց, որ, եթե դիմակներ չդնեն, ապա նկատողություն կանի, ԼՀԿ ղեկավարն օրինաչափ հարց է բարձրացրել՝ արդյո՞ք ԱԺ նախագահն ունի նման լիազորություններ:

«Ես իմ ելույթում հիշեցրեցի «իմքայլականներին», որ, եթե ինչ-որ մեկը եղել է, որ կոչ է արել դիմակ չկրել՝ եղել է իրենց նախարարն ու վարչապետը: Նաև հիշեցրել եմ, որ երբեմն դիմակների վրա գրվում է, որ այն կորոնավիրուսից չի պաշտպանում»,- ընդգծեց նա:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս