Առողջապահության նախարարությունն ապահովված է բավարար քանակությամբ կորոնավիրուսի թեստերով․ ԱՆ խոսնակ. tert.am
ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության թեստերը չեն վերջացել, նախարարությունն ապահովված է բավարար քանակությամբ թեստերով։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը` անդրադառնալով մամուլի հրապարակումներին։
«Նախարարությունն ապահովված է բավարար քանակությամբ թեստերով, և եթե կարիք կլինի, ապա նոր խմբաքանակ ձեռք կբերվի»,- ասաց մամուլի խոսնակը։
Ինչ վերաբերում է վերջին օրերին կատարվող թեստերի նվազմանը՝ Ալինա Նիկողոսյանը նշեց․ «Թեստեր անելն ինքնանպատակ չէ, դրանք արվում են՝ ըստ անհրաժեշտության, բժշկի ցուցումով։ Յուրաքանչյուր օրվա թեստերի քանակը կախված է նրանից, թե տվյալ օրվա համար քանի մարդ է թիրախավորված թեստավորվելու»։
Նախարարի մամուլի քարտուղարը նաև հայտնեց, որ Հայաստանում արդեն ՊՇՌ (Պոլիմերազային շղթայական ռեակցիա) թեստերի արտադրություն է սկսվում: