Անընդունելի է Կապանում տեղի ունեցած իրադարձություններին քաղաքական ենթատեքստ տալը. Լիլիթ Մակունց 

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ անընդունելի է մայիսի 24-ին Կապանում տեղի ունեցած իրադարձություններին քաղաքական ենթատեքստ տալը:

Ըստ Մակունցի՝ իրավապահների տարածած հայտարարությունից պարզ է դարձել, որ Քաջարանում շաբաթներ առաջ տեղի է ունեցել ծեծկռտուք, որտեղ օգտագործվել է նաև զենք, որի հետ կապված էլ ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ գործողություններ:

«Մեկնաբանել, որ այստեղ կա քաղաքական ենթատեքստ՝ անընդունելի է, այնպիսի տպավորություն է, որ տարբեր խմբերի միջև տեղի ունեցող բախումն արդարացնելու համար փորձում են ինչ-որ քաղաքական ենթատեքստ ձևակերպումը կիրառել»,- շեշտեց Լիլիթ Մակունցը:

Նա վստահեցրեց, որ իրավական և քաղաքական գործընթացներն այլևս Հայաստանում մեկտեղվել չեն կարող, ուստի բոլորն այդ մտքի հետ պետք է համակերպվեն և այդ գործընթացները միմյանց հետ չխառնեն:

Ինչ վերաբերում է ոստիկանության գործողություններին, Լիլիթ Մակունցն ասաց, որ կատարվում է ծառայողական քննություն, որն էլ կպարզի, թե իրականում ինչ է տեղի ունեցել, և ոստիկանությունն ինչպես է գործել:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Կապանում լարված իրավիճակ էր, քանի որ ոստիկանները բերման էին ենթարկել չորս անձանց, իսկ վերջիններս հարազատները պահանջում էին նրանց ազատ արձակել, քանի որ ապօրինի են բերման ենթարկել:

168.am-ը Լիլիթ Մակունցից հետաքրքրվեց, արդյո՞ք պետք է ձևավորվի հակաճգնաժամային Կառավարություն կամ խորհուրդ, որի մասին վերջերս գրառում էր արել նաև ԱԱԾ նախկին ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Ստեղծված իրավիճակը հաղթահարելու համար Կառավարությունը ձևավորել է պարետատունը, որն էլ զբաղվում է աշխատանքների համակարգմամբ և խնդիրներին լուծում տալով: Վստահ եմ, որ անհրաժեշտությունից ելնելով՝ պարետատունը հաղորդակցվում և քննարկումներ կազմակերպում է առանձին մասնագետների, անհատներ, նաև կառույցների հետ: Կարծում եմ՝ պարետատունն ամեն անհրաժեշտ միջոցը կձեռնարկի»,- շեշտեց Լիլիթ Մակունցը:

Տեսանյութեր

Լրահոս