
Իտալիայի ԱԳ նախարարն առաջարկել է վերականգնել ԵՄ-ում ազատ տեղաշարժի հնարավորությունը

Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն առաջարկել է հունիսի 15-ից վերականգնել ԵՄ տարածքում ազատ տեղաշարժի հնարավորությունը:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Գերմանիան մտադիր է բացվել այդ օրը՝ առաջարկելով հանգստանալու հնարավորություն այլ երկրներում: Փորձենք դա անել միասին»,-ասել է Դի Մայոն: Նա տեղեկացրել է, որ այդ ուղղությամբ ինքն արդեն աշխատում է Ավստրիայի և ԵՄ անդամ այլ երկրների հետ:
Ընդգծելով Իտալիայի համար միջազգային զբոսաշրջության հնարավորությունը՝ ԱԳ ղեկավարը կարևոր է համարել միանման կանոնների սահմանումը երկրի բոլոր շրջաններում՝ օտարերկրացիներին չապակողմնորոշելու համար: