Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանն առցանց հարթակում կայացած մամուլի ասուլիսի շրջանակում ներկայացրել է բանկային համակարգի 2020թ․ առաջին եռամսյակի ամփոփ ցուցանիշները։
Համաձայն ներկայացված վիճակագրության՝ ՀՀ բանկերը 2020թ. առաջին եռամսյակում արձանագրել են աճ հիմնական ցուցանիշների ուղղությամբ: Մասնավորապես՝ նախորդ տարվա համեմատ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում համակարգի ընդհանուր ակտիվներն ավելացել են շուրջ 102 մլրդ դրամով կամ 1.8%-ով, ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 18 մլրդ դրամով կամ 2.1%-ով, վարկային ներդրումները՝ շուրջ 19 մլրդ դրամով կամ 0.5%-ով:
Ընդհանուր պարտավորությունները նշված ժամանակահատվածում կազմել են 5.045 մլրդ դրամ, որը 2019թ. համեմատ աճել է 1.7%-ով:
2020թ-ի առաջին եռամսյակում ընդհանուր ավանդներն նվազել են 39 մլրդ դրամով կամ 1.1%-ով: Ավանդների կառուցվածքում ռեզիդենտների ցպահանջ ավանդները նվազել են 24 մլրդ դրամով կամ 3%-ով, ժամկետային ավանդներն աճել են 43 մլրդ դրամով կամ 2.5%-ով: Նույն ժամանակահատվածում ռեզիդենտ իրավաբանական անձանց ավանդներն աճել են 6 մլրդ դրամով կամ 0.7%-ով, իսկ ֆիզ. անձանց ավանդներն աճել են 10 մլրդ դրամով կամ 0.6%-ով:
2020թ-ի առաջին եռամսյակում բանկային համակարգն ապահովել է 23.3 մլրդ դրամի շահույթ, որը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է շուրջ 7.2 մլրդ դրամով:
Ասուլիսի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև վճարային քարտերով իրականացված գործարքներին:
Ընթացիկ տարվա առաջին եռամսյակին վճարային քարտերի քանակը կազմել է 2 460 333, որը 2019թ-ի համեմատ ավելացել է 2.9%-ով:
Վճարային քարտերով կատարվել է 18 154 229 գործարք, որը 2019թ-ի առաջին եռամսյակի համեմատ` (13 570 034) ավելացել է 33.8%-ով: Իսկ քարտերով գործարքների ծավալը կազմել է 592 174 մլն ՀՀ դրամ, որը 2019թ-ի առաջին եռամսյակի համեմատ (481 785 մլն դրամ) ավելացել է 22.9%-ով:
2020թ-ի առաջին եռամսյակում կանխիկ գործարքների քանակը կազմել է 7 784 894, որը 2019թ-ի առաջին եռամսյակի (7 602 159) համեմատ աճել է 2.4%-ով: Անկանխիկ գործարքների քանակը կազմել է 10 369 335, որը 2019թ-ի առաջին եռամսյակի (5 967 875) համեմատ աճել է 73.6%-ով:
2020թ-ի առաջին եռամսյակում կանխիկ գործարքների ծավալը կազմել է 415 589 մլն դրամ, որը 2019թ-ի առաջին եռամսյակի (366 690 մլն դրամ) համեմատ աճել է 13.3%-ով, իսկ անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 176 585 մլն դրամ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի՝ (115 095 մլն դրամ) համեմատ աճել է 53.4%-ով:
ՀՀ բանկային համակարգի միջոցով ֆիզ. անձանց փոխանցումները
2020թ-ի առաջին եռամսյակում արտասահմանից ստացումների ծավալը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 37 մլն դոլարով կամ 9.7%-ով՝ կազմելով 354 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար:
Արտասահման փոխանցումների ծավալը նվազել է շուրջ 20 մլն դոլարով կամ 7.1%-ով՝ կազմելով 266 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար, իսկ ֆիզ. անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը 2019թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 17 մլն դոլարով կամ 16.7%-ով՝ կազմելով 87մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումար:
Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը պատասխանել է նաև լրագրողների առցանց հարցերին: