«Ցույց տվեք, որ իրավունք ունեք քաղաքական ուժ կոչվելու, որ ձեզ համար կարևորը ստանձնած պատասխանատվությունն է, այլ ոչ ձեր թիմակիցների պաշտոնավարումը». Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պետական կառավարումը, հատկապես Հայաստանի պես երկրում, հատկապես նման դժվար պայմաններում, շատ դժվար գործ է: Դժվար է նաև կայացած երկրների կայացած քաղաքական ուժերի համար, որոնք մեծ մարդկային ռեսուրս ունեն: Իսկ ՔՊ և ԻՔ պես նոր և չկայացած քաղական միավորումների համար շատ ավելի դժվար է, անասելի դժվար:

Սրանով հանդերձ, պետք է մի պարզ բան հասկանալ: Կառավարման մեջ նման դժվարին վիճակներում սխալներ անելու հավանականությունը մեծանում է: Ինչը կարելի է նորմալ համարել, եթե կառավարող քաղաքական ուժը ռացիոնալ է և պատասխանատվությամբ է մոտենում հանրության առաջ իր ստանձնած պարտավորություններին և տված խոստումներին:
Այսինքն կառավարման պրոցեսում կարևորը քաղաքական գիծն է` տված խոստումների կատարումը, իսկ անձինք էական չեն: Եվ հետևաբար, կառավարիչների սխալների դեպքում, վերջիններիս պետք է հաջորդեն ազատումներ կամ հրաժարականներ: Եթե բացահայտ սխալների պարագայում քաղաքական միավորը այդպես չի վարվում, ապա ստիպված է կրել այդ ձախողակներին պահելու բեռը, ինչը նրան էլ ավելի է շեղելու տված խոստումները իրականություն դարձնելուց, քանզի հանրության անվստահությունը քաղաքական միավորի և վերջինիս գործողությունների հանդեպ ավելի է մեծանալու:

Եվ սա, վստահաբար, հանգեցնելու է այդ քաղաքական միավորի վախճանին կարճ ժամանակահատվածում: Հատկապես, երբ այդ միավորը չունի վարչապետի երկրորդ թեկնածու:
Ազատվեք ձախողակներից և ցույց տվեք, որ դուք իրավունք ունեք քաղաքական ուժ կոչվելու, ցույց տվեք, որ ձեզ համար կարևորը ստանձնած պատասխանատվությունն է, այլ ոչ ձեր թիմակիցների պաշտոնավարումը: Այլապես, պատրաստվեք դանդաղ ու տանջալի սուիցիդի` տխուր վախճանի»:

Տեսանյութեր

Լրահոս