«Էդվարդ Նալբանդյանը տվել է իր համաձայնությունը՝ պատասխանելու Ապրիլյան քննիչ հանձնաժողովի հարցերին» Անդրանիկ Քոչարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Պաշտպանության և անվտանգության հարցերի  մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր հանձնաժողովի հերթական նիստում հայտարարեց, որ  քննարկում են կարևոր և առանցքային հարցեր, որին ներկա չեն ընդդիմադիր դաշտի պատգամավորները, որի համար ցավում է:

«Որքան էլ քաղաքական բաներ լինեն, պետական ինստիտուտները և անվտանգային խնդիրները վեր են ամեն ինչից, ես ամեն ինչ այդպես եմ ընկալում: Նույնիսկ Ապրիլյան քննիչ հանձնաժողովի բացակայությունները ես չեմ հասկանում, ամեն ինչ կարող եմ հասկանալ, բացի դրանից, որովհետև Ապրիլյան քննիչ հանձնաժողովին մասնակցելը բոյկոտի ենթակա թեմա չէ»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը:

Նա միաժամանակ տեղեկացրեց, որ վաղը կամ մյուս օրը կարևոր քննարկում են ունենալու. «Գիտեք, որ նախկին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը տվել է իր համաձայնությունը՝ պատասխանելու հանձնաժողովի հարցերին: Իհարկե, սա այս հարցերին չի առնչվում, բայց ուզում եմ ասել հարցերի կարևորության մասին»,- շեշտեց Անդրանիկ Քոչարյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Էդվարդ Նալբանդյանն այս պահին բնակվում է Մոսկվայում, և իրենք պատրաստ են նույնիսկ տեսակապով նրա հետ աշխատել:

Հավելենք, որ Անդրանիկ Քոչարյանը հանձնաժողովներից բացակայողներին ակնարկելով, ամենայն հավանականությամբ, նկատի ուներ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներին, որոնք մայիսի 8-ին ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից հետո հայտարարեցին, որ չեն մասնակցելու ԱԺ նիստերին, մինչև տեղի ունեցածին չտրվի քաղաքական գնահատական:

Տեսանյութեր

Լրահոս