«Սա երեսպաշտության ամենավառ դրսևորումներից մեկն է». Քաղաքագետը՝ վարչապետի գրառման մասին

«Սա միանշանակ սպառնալիք է՝ ուղղված ցուցարարներին: Ահա այստեղ է, որ սխալվում է Նիկոլ Փաշինյանը: Նախ սկսենք նրանից, որ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու: Արդեն մի քանի օր շարունակ ամբողջ  Հայաստանը քննարկում է Փաշինյանի թիմակիցների և այս իշխանությունների կոռուպցիոն մեխանիզմները՝ կապված ադամանդի, մաքսանենգ ծխախոտի հետ: Ուրեմն, եթե կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու՝ պետք է առաջին հերթին սկսի իր հարազատներից և իշխանական թիմից:  Բայց մենք տեսնում ենք, որ Փաշինյանն այդ թեմայից չի խոսում, անգամ չի հերքում, ամեն ինչ անում է, որպեսզի ուշադրությունը շեղի և կոռուպցիայի մեջ մեղադրում է մարդկանց, որոնք ընդամենն արդարություն են պահանջում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով վարչապետի այսօրվա գրառմանը:

Հիշեցնենք, որ ժամեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ մասնավորապես նշել էր. «Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու։ Լինելու է չոր, օրինական ու ըստ անհրաժեշտության նաեւ կոշտ հակազդեցություն։

Սա եկեք արձանագրենք»։

Քաղաքագետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի ասածը փաստացի նշանակում է այն, որ Քաջարանի, Մեղրիի տարածաշրջանի բնակիչները կոռուպցիոներներ են:
«Պարզ է, որ այս ամենը հիմարություն է և նման բան չի կարող լինել : Նա կոռուպցիայի դեմ պայքարի դիմակով, փաստացի պատերազմ է հայտարարում այդ տարածաշրջանի ժողովրդին և այնտեղ ոստիկանական զորք է ուղարկում: Կարծում եմ՝ սա երեսպաշտության ամենավառ դրսևորումներից մեկն է»,-եզրափակեց նա:

Տեսանյութեր

Լրահոս