«Ակնհայտ է, որ ոստիկանական ուժերը տանում են Կապան՝ ժողովրդին ուժի միջոցով ցրելու համար». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Վաղ առավոտից Կապանում սկսված բողոքի ակցիան շարունակվում է, ավելին՝ ըստ 168.am-ի ունեցած տեղեկությունների, այնտեղ ոստիկանական մեծ ուժեր են շարժվում:

168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադառնալով Կապանում ստեղծված իրավիճակին, նշեց, որ խնդիրը ժողովրդի կողմից անարդար վերաբերմունքի ականատես լինելն է, այսինքն՝ կա կոնֆլիկտ, կա զարգացումներ, բայց ձերբակալում են մարդկանց՝ առանց որևէ հիմք ներկայացնելու:

«Մարդկանց ձերբակալում են նաև սխալմամբ, այսինքն, որևէ խնդիր չունեցած, պատահական քաղաքացու և բոլորին միասին՝ պատահական կամ ոչ պատահական մարդկանց՝ բերման են ենթարկում ոստիկանական բաժանմունքում: Բնականաբար նման բան քաղաքացիները չեն կարող հանդուրժել, հատկապես՝ Սյունիքում, քանի որ սյունեցիներն ակնհայտ խնդիր են տեսնում ներկա իշխանությունների հետ, որոնք ՝ ընտրություններից հետո ներկա պահին Սյունիքի մի շարք բնակավայրերում չունենալով այսպես ասած «քայլող» իշխանություն, այդ համայնքների ղեկավարների նկատմամբ, ակնհայտ քաղաքական վերաբերմունք են ցույց տալիս: Այսպիսով՝ սյունեցիները մի կողմից ներկայիս իշխանություններից կողմից  տեսնում են քաղաքական հակակրանք իրենց համայնքների ղեկավարների հանդեպ, մյուս կողմից էլ՝ տեսնում են, որ ձերբակալությունները տեղի են ունենում ապօրինի միջոցներով, բռնություններով և այլն»,- ասաց Հ. Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ այս ամենը մարդկանց մոտ  աստիճանաբար նմանվում է ինքնապաշտպանության, ավելին՝ տեսանելի է, որ իշխանությունները չեն ցանկանում երկխոսել սյունեցիների հետ և որոշել են ուժ ցույց տալ և ոստիկանական ուժերի միջոցով, ըստ էության ճնշել մարդկանց բողոքի ձայնը:

«Ակնհայտ է, որ ոստիկանական ուժերը տանում են Կապան՝ ժողովրդին ուժի միջոցով ցրելու համար և բողոքի ցույցը դադարեցնելու նպատակով: Այլ խնդիր ոստիկանական ուժերը չեն կարող լուծել: Տեսնում ենք, որ բողոքի ակցիան ըստ էության խաղաղ է և որևէ բռնություն ոստիկանական բաժանմունքի և ոստիկանների նկատմամբ տեղի չի ունենում: Որևէ հստակ պատասխան չի տրվում քաղաքացիներին, փոխարենը Նիկոլ Փաշինյանը մի շարք սպառնալիքներ է հնչեցնում իր կաբինետում նստած և ըստ էության ոստիկանական զորք է ուղարկում այդ ժողովրդի դեմ:

Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը, որին իր թիմակիցները շատ են քննադատում «թավշյա» մեթոդներով» առաջնորդվելու մեջ, լավ առիթ է գտել ցույց տալու իր ուժը, ինչը հնարավոր լուծումներից ամենասխալն է: Սյունիքի դեպքում չի կարելի հարցերը ուժով լուծել, այնտեղ օրինապաշտ քաղաքացիներ են և նրանց պահաջը միայն արդար լինելն է, նրանց հետ անկեղծ ու արդար պետք է  լինեն և բոլոր հարցերը լուծում կստանան: Սակայն Փաշինյանը գնում է հակառակ ուղիով, գնում է դեպի իրավիճակի սրման, փորձում է ուժեղ տղա և ուժեղ ղեկավար ձևանալ: Չեմ բացառում, որ այս ճանապարհով փորձում է նաև հանրության ուշադրությունը շեղել վերջին շրջանի բացահայտումներից, որտեղ ըստ շրջանառվող լուրերի՝  իր մտերիմ հարազատները լուրջ մասնակցություն ունեն»,- եզրափակեց Հրանը Մելիք-Շահնազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս