Արցախի ԱԱԾ-ում նոր կոնֆլիկտ է հասունանում

Արցախի նախագահական ընտրություններին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակցությունը թեկնածուներից Արայիկ Հարությունյանին կարող է բավականին թանկ արժենալ Արցախի գործող նախագահի վրա: Արցախից ստացված տեղեկությունների համաձայն, առաջիկայում Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) ուղիղ կենթարկվի ՀՀ ԱԱԾ-ին:

Դա ըստ էության, տեղավորվում է Արայիկ Հարությունյան-Նիկոլ Փաշինյան պայմանավորվածությունների շրջանակներում, որի շարունակությունը կդառնա նաև այլ ուժային կառույցներին՝ ՀՀ-ին ուղիղ ենթարկվելը:

Ի թիվս այլ կադրային փոփոխությունների, ԱԱԾ պետ կնշանակվի Արցախի նախկին ոստիկանապետ Կամո Աղաջանյանը, ում պաշտոնից հեռացրել էին 2018 թվականի հունիսին՝ Ստեփանակերտում տեղի ունեցած հայտնի բողոքի ակցիաներից հետո:

Արցախի ԱԱԾ-ում այս փոփոխությունները բավականին հակասական են ընդունվել՝ նոր կոնֆլիկտ է հասունանում ԱԱԾ պետի նոր հավակնորդի և ԱԱԾ կորիզի միջև, որոնք դեմ են ոչ միայն դրսից նշանակմանը, այլ նաև կոնկրետ Կամո Աղաջանյանի ԱԱԾ-ում հայտնվելուն:

Ըստ նույն աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանն Արցախ իր վերջին այցի ժամանակ Արցախի նոր իշխանություններին ուղիղ տեքստով ասել է, որ բոլոր նշանակումները պետք է համաձայնեցվեն իր հետ:

Տեսանյութեր

Լրահոս