Որևէ պաշտոնատար անձ Գագիկ Խաչատրյանին ՔՀԿ տեղափոխելու պատասխանատվությունն իր վրա չի վերցրել. փաստաբան

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Խաչատրյանի շահերի պաշտպան Երեմ Սարգսյանի ներկայացրած բողոքի քննությունը:

Փաստաբան Երեմ Սարգսյանը ներկայացրել էր Խաչատրյանի առողջական վիճակի մասին նոր հանձնաժողովի եզրակացությունը, որի համաձայն՝ իր պաշտպանյալի մոտ առկա է ողնաշարի ստենոզ՝ ավելի բացասական դինամիկայով, և դրա հիման վրա անհրաժեշտ է վիրահատական միջամտություն, բուժում: Հանձնաժողովում, Երեմ Սարգսյանի փոխանցմամբ, ներգրավված են եղել Հայաստանի առաջատար մասնագետները:

«Մշտապես, որ ասում էինք, որ Գագիկ Խաչատրյանն ունի վիրահատության կարիք՝ ողնաշարի ստենոզի հետ կապված, վարույթն իրականացնող մարմինը ներկայացնում էր շատ կասկածելի պայմաններում, ընդամենը ժամերի ընթացքում ձեռք բերված Միջգերատեսչական հանձնաժողովի փորձաքննության եզրակացություն, որի համաձայն՝ ոչ միայն վիրահատության կարիք չուներ, այլ ընդհանրապես բուժման կարիք չուներ՝ էն դեպքում, որ դեռևս 2019 թվականի օգոստոսին և հուլիսին հսկայական կոնսիլիում էր եղել հենց քննիչի հանձնարարությամբ՝ Առողջապահության նախարարության կողմից, առաջատար մասնագետների ներգգրավմամբ, և արձանագրվել էր, որ ողնաշարի ստենոզ է առկա, վիրահատության կարիք ունի: Դրանից հետո փորձաքննություն էր եղել, հիվանդությունը հաստատվել էր, և հանկարծ, երբ որ դիմեցինք Եվրոպական դատարան, որպեսզի միջամտություն լինի, մի քանի ժամվա ընթացքում նոր եզրակացություն ստացվեց միջգերատեսչական, որի համաձայն՝ որևէ բուժման կարիք չունի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Երեմ Սարգսյանը:

Գագիկ Խաչատրյանի մոտ առկա հիվանդությունը, փաստաբանի խոսքով, չի պատկանում այն հիվանդությունների շարքին, որոնց դեպքում մեղադրյալը չի կարող պահվել անազատության մեջ: Բայց, ըստ փաստաբանի, այդ հանգամանքն այս պարագայում բացարձակապես նշանակություն չունի, քանի որ Գ. Խաչատրյանի մոտ առկա հիվանդությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, ազդել քայլելու ունակության վրա, ինչի դեպքումը պետությունը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի, թույլ տա, որ Խաչատրյանը վիրահատվի, ինչը Հայաստանում հնարավոր չէ:

Ինչ վերաբերում է նախորդ երեք ամսվա ընթացքում Խաչատրյանի՝ «Աստղիկ» ԲԿ-ում լինելու փաստին, ապա Երեմ Սարգսյանի փոխանցմամբ՝ այդ ընթացքում Խաչատրյանն անցել է թերապևտիկ, վերականգնողական բուժում, ինչը, թեև ամբողջական բուժում չէր, այդուամենայնիվ որոշ չափով նվազեցրել էր ցավերը՝ «ինչ-որ բան՝ ոչնչի դիմաց»:

Գագիկ Խաչատրյանն «Աստղիկ» ԲԿ-ից  ՔԿՀ է տեղափոխվել երեկ, ըստ փաստաբանի՝ անօրինական կարգով՝  «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի որոշման հիման վրա: Իսկ  երբ փաստաբանները ԲԿ-ից Խաչատրյանի դուրսգրման, ընդհատված բուժման համար պատասխանատվության հարց են բարձրացրել, «Աստղիկ» ԲԿ բժիշկները փաստաբաններին հայտնել են, որ Խաչատրյանը հիվանդանոց է տեղափոխվել ՊՈԱԿ-ի կողմից, ու նրանք էլ ցանկանում են Խաչատրյանին տեղափոխել՝ այլ վայրում բուժումն իրականացնելու համար: Բայց պարզվել է, որ Խաչատրյանը տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ, խուց:

Նշենք, որ Խաչատրյանի ՔԿՀ տեղափոխվելուց հետո արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Խաչատրյանն «Աստղիկ» ԲԿ-ից դուրս է գրվել կենտրոնի որոշմամբ, սակայն «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկին «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր բժիշկ Ռ․ Կուրղինյանի, Նյարդաբանական ծառայության ղեկավար, պրոֆ․ Հ․ Մանվելյանի, բաժնի վարիչ Գ․ Վարդանյանի  տված բնօրինակ փաստաթուղթը, որով վերջիններն իրենց ստորագրությամբ և բժշկական կենտրոնի կնիքով հաստատել են, որ կալանավորված անձ Գագիկ Խաչատրյանը դուրս է գրվում «Աստղիկ» ԲԿ-ի նյարդաբանական բաժանմունքից 22․05․2020թ․ ժամը 16։00-ին, անհետացել է հենց ԲԿ-ում:

«3-4 գրություն եմ գրել բոլոր պաշտոնատար անձանց՝ հարցնելով, թե ով է եղել այդ որոշման նախաձեռնողը, ով է պատասխանատու տեղափոխման համար, և ձեզ վստահեցնում եմ, որ մինչև հիմա որևէ պաշտոնատար անձ էդ պատասխանատվությունն իր վրա չի վերցրել, և գրավոր գրել են, որ իրենք չգիտեն: Պատահական չի, որ հիմա փորձ է արվում այս խնդիրը բարդել նաև այլ մարդկանց վրա, միայն թե պետական մարմինները որևէ սխալ, իբր թե, չեն գործել»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Վերաքննիչ դատարանը Խաչատրյանի ներկայացրած բողոքի վերաբերյալ որոշումը կհրապարակի երկուշաբթի:

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել  Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը):

Տեսանյութեր

Լրահոս