Քաղաքացին ունի ջերմություն, սրտխառնոց, բայց կորոնավիրուսի թեստ չի կարողանում հանձնել
37-ամյա քաղաքացիներից մեկը, ում անունն իր խնդրանքով չենք հրապարակում, աշխատում է ռեստորաններից մեկում, ունի ջերմություն, սրտխառնոց, ստամոքսի ցավ, բայց չգիտի, թե ում դիմի, որ կորոնավիրուսի թեստ հանձնի ու հանգիստ աշխատանքի գնա։
«4 օր է՝ ջերմություն ունեմ, շտապօգնություն կանչեցինք, այդ պահին չունեի ջերմություն՝ մտածեցին, որ, երևի երիկամի խնդիր է, ուղարկեցին ԷԽՈ-ի։ Հաջորդ օրը էլի բարձրացավ ջերմությունս։ Ունեմ նաև որովայնի ցավ, բայց հազ՝ ոչ։ Մի քանի անգամ գնացի բժիշկների մոտ, ասացին՝ երևի ստամոքսդ է, բայց որպեսզի պառկես հիվանդանոց, կորոնավիրուսի թեստ պետք է հանձնես։ Հիվանդանոցում այդ թեստը վճարովի է։ Թոքերի ԿՏ պետք է արվեր ու այլ հետազոտություններ՝ հրաժարվեցի, քանի որ բավական կլորիկ գումար էր կազմում։ Գնացել եմ նաև թիվ 19 պոլիկլինիկա, իրենք ավանդական ջերմաչափով չափեցին, տեսան, որ ջերմությունս 37,2 է։ Թոքերս լսեցին, ասացին, թե վտանգավոր բան չեն տեսնում։ Իսկ ես, քանի որ ռեստորանում եմ աշխատում և մարդկանց հետ եմ շփվում, չեմ ուզում, որ կորոնավիրուս լինեմ ու ուրիշներին վարակեմ։ Տանը նաև շաքարային դիաբետով հիվանդ ունեմ, չեմ ուզում նրան էլ վտանգել,- 168.am-ի հետ զրույցում պատմեց քաղաքացին՝ շարունակելով,- Ուղարկեցին կողքի մասնաշենքի երրորդ հարկ՝ ռենտգենի, մոտ մի 15 հոգի կար հերթում։ Հարցրեցի, թե վերջինն ո՞վ է, ու ինձնից հետո էլ դեռ մարդիկ գալիս ու հերթ էին հարցնում… Մեկ էլ՝ ժամը 14։40-ի մոտ, բժշկուհին դուրս եկավ ու ասաց ՝ «Գիտեք, չէ՞, որ մինչև 15։00-ն եմ աշխատում»։
Վրդովվեցի, թե ինչպե՞ս, որովհետև նման իրավիճակներում նորմալ երկրներում երևի թե ավելի երկար պետք է աշխատեին։ Իջա մեկուսարանի բժշկուհու մոտ, բողոքեցի՝ նշելով, որ հիվանդ մայր ունեմ տանը, ու մեկ շաբաթ է՝ գործի չեմ գնում։ Եթե իմանամ, որ կորոնավիրուս չէ՝ հանգիստ կգնամ աշխատանքի։ Խոստացել էին, որ շրջիկ լաբորատորիաներով կգան շենք՝ թեստավորելու, բայց աշխատանքային օրն ավարտվում է, ու դեռ չկան։ Ի դեպ, 60-ամյա հորաքույրս էլ այս քանի օրը ջերմություն ունի, երեք օր առաջ թեստավորել են, ասել են, որ երկկողմանի թոքաբորբային օջախ կա մոտը, բայց ուղարկել են տուն՝ ասելով, որ այսինչ դեղերը, անտիբիոտիկները պետք է ներարկեն։ Թեստի պատասխանը դեռ չի ստացել»։