Բաժիններ՝

«Պարոն Փաշինյան ջան, մի հատ կողքիդ մասնագետներին նայիր, նոր հայ գյուղացուն քննադատիր՝ գիտելիքներ ունե՞ն, թե՞ չունեն»․ Հրաչ Բերբերյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում շրջայցից հետո ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ պետք է մտածողություն փոխվի գյուղատնտեսության մեջ, հողի մշակման կուլտուրան մեր երկրում պետք է փոխվի։ «Մենք գյուղատնտեսության մեջ ունենք մի պրոբլեմ՝ գիտելիք։ Այսօրվա իմ շրջայցն էլ ավելի ամրապնդեց իմ հետևությունը։ Ուրախալի է, որ մեր շատ գյուղացիներ արդեն ընդունում են սա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

168am-ի հետ զրույցում Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը վարչապետի այդ հայտարարության վերաբերյալ հետևյալն ասաց․

«Շատ ցավում եմ, որ պարոն վարչապետն իր ժողովրդի գիտելիքները չի գնահատում։ Մենք ունենք և՛ անվանի կարտոֆիլագործներ, ծիրան արտադրողներ, բույսերի պաշտպանության մասնագետներ։ Այո՛, գյուղացիների համար տեղեկատվական դաշտը թույլ է, բայց ո՞վ է մեղավոր դրանում, ունենք ԳԱՄԿ-եր ու մարզպետարանների գյուղվարչություններ, որոնք աշխատավարձ են ստանում, բայց իրենց գործառույթները չեն իրականացնում։ Մենք տարիներ շարունակ Հ1-ով ունեինք «Գյուղական ժամ» հաղորդաշարը, որը կարելի էր օգտագործել գյուղացուն տեղեկատվություն տալու համար։ Հանրային հեռուստատեսությունը, իրոք, պետք է  հանրության համար ծառայեր։ Հիմա պարոն Փաշինյանը թող այդ հարցով զբաղվի, որ «Գյուղական ժամ»-ը վերականգնի։ Ինչ վերաբերում է գիտելիքներին՝ պարոն Փաշինյան ջան, մի հատ կողքիդ մասնագետներին նայիր, նոր հայ գյուղացուն քննադատիր՝ գիտելիքներ ունե՞ն, թե՞ չունեն։ Եկեք՝ ատեստացիա անենք, տեսնենք՝ էդ ի՞նչ մասնագետներ ունի կառավարությունը»։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ, եթե անգամ ոռոգման ջրի հարցը լուծվի էլ, գյուղացու կյանքը դրանից ավելի բարեկեցիկ չի դառնալու, Հրաչ Բերբերյանն ասաց․

«Ես շատ ուշադիր հետևել եմ, նույնիսկ լոլիկի օրինակն էր բերում․ ուրեմն՝ մեկ հեկտար լոլիկը մինչև 2,5-3 մլն դրամ շահույթ կարող է բերել և համեմատել լոլիկը ոչ շահութաբեր ուղղությունների հետ, դա էլ եմ զարմանում՝ ով է Փաշինյանին սովորեցրել։ Նման բան չկա։ Լոլիկը ցորենից 5-8 անգամ շահութաբեր է։ Դա՝ մի դասը, որ տալիս եմ։ Երկրորդ՝ ոռոգման համակարգը դուք բարեփոխեք, որովհետև այսօր ջրի նորմատիվները խախտված են։ Ամեն կուլտուրա, ամեն բույս ունի իր ոռոգման ցիկլը, ժամկետները, չափը։

Օրինակ՝ կարտոֆիլի մեկ հեկտարի համար, կապված հողատեսքից՝ ծախսվում է 700-1000 խմ ջուր։ Մաքսիմալ պետք է գանձվի 11 հազար դրամ, այսօր միջինը գանձվում է 16-17 հազար դրամ՝ 60 տոկոս ավելի։ Թող քո կառավարությունն այդ թալանը վերացնի։ Ո՞վ է մշակել այդ նորմատիվները, իհարկե, Ջրային կոմիտեն։ Ո՞ւմ հետ են համաձայնեցրել՝ ոչ մեկի հետ, իրենք իրենց համար գները դրել՝ աշխատում են։ Թող դրանով զբաղվի պարոն Փաշինյանը»։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ պետք է անցնել գյուղատնտեսության ժամանակակից տեխնոլոգիաներին՝ ինտենսիվ գյուղատնտեսություն, բիզնես մոդելի վրա հիմնված գյուղատնտեսություն, հողատարածքների խոշորացման վրա հիմնված գյուղատնտեսություն, Հրաչ Բերբերյանն ասաց, որ, իրոք, գյուղացին հաշվարկ անելու խնդիր ունի․

«Գյուղացիներ կան, որ տեսնում են՝ այս հարևանը այս տարի լավ շահույթ ունեցավ, ասում են՝ մենք էլ այդ կուլտուրան մշակենք, և մյուս տարի այդ ուղղության գները շեշտակի իջնում են։ Իմիջիայլոց, այսօր այդ ծիրանի այգին որ տարել էին վարչապետին, լավագույնն էր, մյուսներում բերք չկար, որը սնկային հիվանդության արդյունքն է․ այն, ինչի մասին, մի ամիս է՝ ասում եմ։

Նաև փոշոտման արդյունքն է, որի մասին ևս ասում եմ։ Ինչ-որ մի տեղ՝ այո, սրսկումները ժամանակին պետք է արվեին, այս հարցում համաձայն եմ վարչապետի հետ, իհարկե, գյուղացին պետք է իր այգին սրսկեր, բայց որ վարկ չի ստացել, ինչո՞վ  այդ թունաքիմիկատն առնի։ 10 տոկոսն էլ վարկը չի ստանում․ մասսայական վարկերը մերժում են։ Այնպես որ՝ սելը չի ճռռում, սելվորն է ճռռո՞ւմ։ Մեզանում ընդունված է, որ բերքի կորստի համար մեղադրում են գյուղացուն, գյուցացին էլ չի պատասխանում։ Հիմա լինելու է պատասխան, և շատ ուժեղ հակահարված է լինելու։ Այնպես որ, թեկուզ գյուղացու լրատվական պակասը միայն ու միայն իշխանությունների մեղքն է․ ասում եմ՝ բարի եղեք՝ Հանրային հեռուստաընկերությունը ճիշտ օգտագործեք»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս