ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական աշխատանքներ է իրականացրել հանրային տրանսպորտի անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից 2020 թ. մայիսի 18-ից 22-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մշտադիտարկումներ և վերահսկողական աշխատանքներ հանրային տրանսպորտի անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է պարետատունը։
Կազմվել և տրամադրվել են ուղեցույցներ՝ կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ղեկավարներին, վարորդներին, տաքսու վարորդներին։ Որպես նախնական կանխարգելիչ գործողություններ իրականացվել են իրազեկման աշխատանքներ ուղևորների, ավտոկայարանների և հավաքակայանների աշխատակիցների շրջանում։
Մարզերում և Երևան քաղաքում Տեսչական մարմնի աշխատակիցները ճանապարհային ոստիկանության հետ համատեղ հիմնական ավտոճանապարհների վրա իրականացրել են ամենօրյա հսկողություն՝ ուշադրության կենտրոնում պահելով այն տրանսպորտային միջոցները, որոնք սովորաբար գերբեռնված են լինում: Տրանսպորտային միջոցում առանց դիմակի կամ սահմանված քանակից ավել ուղևորներ հայտնբերելու դեպքում ուղևորներն իջեցվել են տրանսպորտային միջոցներից, որից հետո միայն տրանսպորտային միջոցը շարունակել է իր բնականոն աշխատանքը:
Յուրաքանչյուր մարզում և Երևան քաղաքում ճանապարհային ոստիկանության հետ համատեղ ստեղծվել են շրջիկ խմբեր, որոնք ամենօրյա ռեժիմով հսկողություն են իրականացնում Պարետի որոշման պահանջների կատարման նկատմամբ:
Տեսչական մարմնի և «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության աշխատակիցների համատեղ կատարված վերահսկողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մի շարք խախտումներ, տեղում կատարվել են իրազեկման աշխատանքներ և տրվել պարտադիր կատարման ցուցումներ։