Բաժիններ՝

ԵՊՀ-ն Հոգաբարձուների խորհուրդ չունի, որ ռեկտոր ընտրի. Գևորգ Էմին-Տերյան

Մարտի 23-ից անորոշ ժամկետով հետաձգված ԵՊՀ ռեկտորի ընտրությունը կարծես կայանալու մտադրություն չունի: ԵՊՀ ռեկտորի մամուլի խոսնակ Գևորգ Էմին- Տերյանը 168.am-ի հարցին, թե նախատեսվո՞ւմ է բուհի ղեկավարի ընտրություն, պատասխանեց.

«Ոչ, քանի որ ԵՊՀ-ն Հոգաբարձուների խորհուրդ չունի (Հոգաբարձուների խորհուրդն է ընտրում ԵՊՀ ռեկտոր.- Ա.Հ.): Խորհրդի լիազորությունների ժամկետն ավարտվել է, նորը դեռ չի կազմավորվել»:

Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է Ուսանողական խորհրդի, Գիտական խորհրդի, ԿԳՄՍ նախարարության և Կառավարության ներկայացրած 8-ական մասնակիցներից, կազմը հաստատվում է վարչապետի հրամանով: ԵՊՀ ՈւԽ նախագահ, Հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ խորհրդի լիազորությունների ժամկետն ավարտվել է մարտի 31-ին:

«Հրամանն այդպես էր տրված, բայց մինչև օրս որևէ տեղաշարժ չկա»,- ասաց Ափոյանը:

Գևորգ Էմին-Տերյանի խոսքով՝ խախտվել են նաև նոր խորհրդի կազմավորման ժամկետները:

«Օրենքով, կանոնադրությամբ դա պետք է տեղի ունենար 40 օրվա ընթացքում, որն արդեն անցել է»,- ասաց Էմին-Տերյանը:

Դավիթ Ափոյանը տեղեկացրեց, որ մինչև հունիս ավարտվելու է նաև ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի պաշտոնավարման ժամկետը: Նա այդ պաշտոնում էր ընտրվել 2019-ի մայիսի 30-ին:

«Ըստ էության պետք է նոր ընտրություն կազմակերպվի, բայց դեռ որևէ շարժ չկա Կառավարության կողմից: Ռեկտորին ընտրում է Հոգաբարձուների խորհուրդը, բայց խորհրդի կազմավորման մեկնարկը պետք է տա Կառավարությունը՝ լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության  միջոցով, քանի որ ոլորտն իրենց ենթակայության տակ է»,- ասաց Ափոյանը:

Մեր հարցին, թե ստացվում է, որ նոր ուսումնական տարին ԵՊՀ-ն դիմավորելու է առանց նոր ռեկտորի, Գևորգ Էմին-Տերյանը պատասխանեց.

«Չեմ կարող հստակ ասել, բայց ենթադրելի է, որ այդպես կլինի»:

Դավիթ Ափոյանը հույս հայտնեց, որ նման բան չի լինի: Նրա կարծիքով՝ անիմաստ է հետաձգել ռեկտորի ընտրությունն ու Հոգաբարձուների խորհրդի նիստերը, որոնք մարտի 16-ից հետաձգվում են՝ կորոնավիրուսով պայմանավորված:

«Հուսով եմ, որ այդպես չի լինի, որովհետև, ըստ խոսակցությունների, Գիտխորհրդի ժամկետն էլ է լրացել: Համալսարանը, մի քիչ վատ եմ զգում այդ արտահայտության համար, բայց դարձել է տեր, ղեկավար չունեցող ինչ-որ կառույց: Այսպես ինչքա՞ն կարող է շարունակվել, եթե սեպտեմբերին ենք անում ընտրություն, ապա այդ ժամանակ էլ կանխատեսվում է, որ վարակի երկրորդ շրջանն է սկսվելու: Հիմա ի՞նչ, մինչև մի երկու տարի չունենա՞նք ղեկավարություն: Տարօրինակն այն է, որ իմաստ չկա հետաձգելու: Բոլոր համալսարանները հոգաբարձուների խորհրդի, ըստ անհրաժեշտության, նիստեր են անում, Վանաձորի պետական համալսարանը մի քանի օր առաջ հոգաբարձուների խորհրդի նիստ է արել: Ո՞նց է ստացվում, որ մյուս համալսարանները կարող են անել, իսկ ԵՊՀ-ն՝ ոչ»,- եզրափակեց Ափոյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս