«Ավտոմեքենայի թիթիզ համարների նույնիսկ կեսն էլ չեն սպառել, բայց արհեստականորեն սահմանափակում են». փաստաբան
ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է փոփոխություն կատարել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման» մասին օրենքում և ավտոմեքենաների պետհամարանիշի թվերի փոխարեն անուն գրելու հնարավորություն տալ։
Առաջարկվում է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 9-րդ հոդվածի «ժգ» կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ․
«Մեծ պահանջարկ ունեցող համարանիշների ընտրության հարցում տրանսպորտային միջոցի սեփականատերը հնարավորություն ունի հաշվառման համարանիշներում թույլատրված տառերի կամ թույլատրված թվանշանների կամայական հաջորդականությամբ առաջարկել նախընտելի տառի, կամ թվանշանի, կամ տառերի և թվանշանների թույլատրված համակցություն»:
Ենթադրվում է, որ կամայական նիշների համակցությամբ համարանիշներն իրենց գնային մակարդակում կլինեն առավելագույն շեմի վրա, հետևաբար՝ նման հնարավորության ընձեռումը կմեծացնի արտաբյուջետային միջոցների ներհոսքը և հնարավորություն կընձեռի տրանսպորտային միջոցների սեփականատերերին տրանսպորտային միջոցը շահագործելու իրենց համար նախընտրելի նիշներից կազմված համարանիշերով:
Երեկ՝ մայիսի 21-ին, ԱԺ փոխնախագահը Ֆեյսբուքի իր էջում հանդես է եկել պարզաբանմամբ՝ գրելով․ «Մտահոգություններն առ այն, որ նոր պետհամարանիշները կարող են լինել ոչ պարկեշտ կամ պարունակեն վիրավորանք և այլ տարբերակներ, ուզում եմ տեղեկացնել, որ թույլատրելի տառերի և թվերի համակցությունն (կոմբինացիա) ազատ ընտրության ենթակա չէ:
Օրենքի ընդունման պարագայում (Կառավարության որոշմամբ կսահմանվեն նոր չափորոշիչներ) ոստիկանությանը հնարավորություն է տրվում որոշել և վաճառքի հանել կոնկրետ տարբերակներ:
Օրինակ, A, B, C կամ 1, 2, 3, կամ ABC123»:
Քաղաքացիներից շատերի կարծիքով՝ եթե մարդիկ պատրաստ են սրա համար, օրինակ, 8 մլն դրամ վճարել, ուրեմն թող այդ գումարների հաշվին նաև բյուջե լցվի։
«Վարորդի ընկեր» հ/կ- ի համահիմնադիր Դավիթ Պեդանյանը, սակայն, այլ տեսակետ ունի՝ առաջնահերթությունը պետք է տալ մի շարք կարևոր հարցերի լուծմանը, ոչ թե այս նախագծին:
Կարևոր հարցերից է, օրինակ, դիտահորերի նորմալ վերանորոգումը։
«Վարորդների իրավունքների պաշտպան-փաստաբան Արտակ Խաչատրյանը կարծում է, որ սա չի խանգարում բյուջե լցնելուն, իսկ գինը, ամենայն հավանականությամբ, աստղաբաշխական կլինի։ Այսպես արվում է գրեթե բոլոր երկրներում, չնայած զարգացած երկրներ կան, որ մտքի ծայրով անգամ չեն անցկացնում նման բաներ անել, որովհետև պահանջարկ չկա, ու հանրության համար էլ անընդունելի է տարբերակումը։
«Համարներն արհեստականորեն մի կողմից՝ սպառում են, որպեսզի վաճառվի, մյուս կողմից՝ սահմանափակում են. խոսքը հերթական ու թիթիզ համարների մասին է։ Հիմա ներկայիս թիթիզ համարների մասին. նույնիսկ կեսն էլ չեն սպառել, բայց արհեստականորեն սահմանափակում են: Օրինակ, անհասկանալի է, թե ինչո՞ւ ցանկացողը չի կարողանում ձեռք բերել WW սերիայով համարանիշեր. դա էլ է հնուց եկել. վերևներից հրամանի են սպասում ամեն սերիա թողարկելու համար: Մի աբսուրդ իրավիճակ»,- մեզ հետ զրույցում ասաց փաստաբանը: