«Մեր հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան մեր հարևան Վրաստանինը»․ Արսեն Թորոսյան
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Հանրային խորհրդի առցանց նիստի ժամանակ անդրադարձավ Վրաստանում կորոնավիրուսային համավարակի հետ կապված իրավիճակին․ «Նախ՝ չեմ ժխտում, որ Վրաստանում սահմանափակող միջոցառումներն ավելի լավ և խիստ և ուժեղ են իրականացվել, այդ թվում՝ մինչ օրս։ Այսինքն՝ իրենց մոտ մինչ հիմա սահմանափակումներն ուժի մեջ են, իհարկե, դա բերում է նաև հետևանքների՝ սկսած, օրինակ՝ գնաճից, արտարժույթի ինֆլյացիայով վերջացրած, բայց նաև կա մեթոդաբանության տարբերություն։ Նախ՝ Վրաստանի առողջապահական համակարգը, և հատկապես՝ հակահամաճարակային համակարգը, էականորեն տարբերվում է մեր հակահամաճարակային համակարգից՝ ոչ լավ իմաստով։ Այսինքն՝ մեր հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան մեր հարևան Վրաստանինը։ Ես հուսով եմ, որ մեր հարևանները կկարողանան իրենց համակարգերն ուժեղացնել, և մենք բոլորս պաշտպանված կլինենք, նույնը վերաբերում է Իրանին, ՌԴ-ին։ Այս երեք երկրներն ինչո՞վ են կարևոր, որովհետև հոսքերի առումով շատ խոցելի ենք դառնում իրենց մոտից»։
Նա նշեց, որ Վրաստանում կա նաև մեթոդաբանության տարբերություն՝ այն քաղաքացիների, որոնք ընդհանրապես թեստավորվում են․ «Կա նաև մեթոդաբանության տարբերություն այն թեստերի, որոնք իրենք հաշվարկում են՝ որպես թեստ։ Ես 100 տոկոս, իհարկե, ինֆորմացիա չունեմ և դա չեմ համարում մեր առաջնային նպատակը, բայց հնարավոր է, որ, օրինակ՝ Վրաստանի արած 40 հազար թեստերը PCR թեստեր չլինեն, այլ լինեն արագ թեստեր, որոնցից մենք պրակտիկորեն չենք օգտվում, քանի որ դրանք հավաստի և վստահելի չեն։ Երկրորդը՝ այն քաղաքացիներն են, որոնք թեստավորվում են՝ ըստ ցուցումների, օրինակ՝ արդյո՞ք սուր շնչառական վարակ ունեցող քաղաքացիները, որոնք, հնարավոր է՝ ունենային կորոնավիրուսային վարակ, բայց տանեին շատ թեթև, ինչպես հիմա մենք էլ ենք գնում դրան, ընդհանրապես թեստավորվել են, թե՞ ասել են՝ հարգելի քաղաքացի, դու ունես թեթև հարբուխ, մնա տանը և լավացիր։ Ես այդ հարցի պատասխանը չունեմ և չեմ էլ ուզում ունենալ, դա մեր խնդիրը չէ»։
Նույնը, ըստ առողջապահության նախարարի՝ վերաբերում է նաև մահվան դեպքերին․ «Օրինակ՝ արդյո՞ք թոքաբորբ ախտորոշումով մահվան դեպքը, եթե նրա մոտ կորոնավիրուսային վարակ կա, համարվում է կորոնավիրուսից մահացած քաղաքացի, թե՞ ոչ։ Մեզ մոտ միանշանակ համարվում է։ Այսինքն՝ մենք բոլոր կորոնավիրուսից մահացած քաղաքացիներին անխտիր գրանցում ենք՝ որպես կորոնավիրուսից մահացած քաղաքացիներ, և միայն ոչ կորոնավիրուսով պայմանավորված մահերն են, որ առանձին հաշվառում ենք անում։ Բայց նորից հաշվառում ենք անում։ Թափանցիկության նման մակարդակ, ինչպես մեզ մոտ է, ես որևէ այլ երկրում չգիտեմ։ Եվ մի ուղղություն, որը պետք է ուսումնասիրել․ երբ մենք ստուգում ենք Վրաստանից Հայաստան ժամանած վարորդներին, այդ թվում՝ վրացի, և ստանում դրական թեստեր, և շատ մեծ թվով, հիմա կարելի է համարել, որ, օրինակ՝ Վրաստանում իրոք օրական մեկ կամ երկու դեպք է լինո՞ւմ։ Ես այդ հարցի պատասխանը վերջնական չգիտեմ։ Եթե ենթադրենք, որ նույնիսկ իրենց մոտ ամեն ինչ այդպես լավ է, հիմա իրենք բացելու են սահմանները և պատրաստվում են տուրիստներ ընդունել, արդյո՞ք այդ լավ արդյունքներն այդպես հարատև պահպանվելու են։ Պատասխանը, կարծում եմ՝ ակնհայտ է»։