ԱՄՆ-ը հավելյալ 1 մլն ԱՄՆ դոլար կհատկացնի ՀՀ-ին կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով՝ դրանով իսկ ամերիկյան աջակցությունը հասցնելով 5,4 մլն ԱՄՆ դոլարի․ Լին Թրեյսի
«ԱՄՆ-ը ևս 1 մլն ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանին»,- այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ անդրադառնալով հայ-ամերիկյան համագործակցությանը կորոնավիրուսի կանխարգելման շրջանակում։
Նա նախ տեղեկացրեց, որ դեսպանությունն արտակարգ իրավիճակում շարունակում է իր գործունեությունը։ Դեսպանի փոխանցմամբ՝ դեսպանատունն աշխատում է նվազագույն անձնակազմի ներգրավմամբ, ամեն ինչ արվում է, որպեսզի դեսպանությունն իր աշխատանքներն իրականացնի ողջ շղթայով։ Մասնավորեցնելով իր խոսքը՝ դեսպան Թրեյսին ասաց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հայ-ամերիկյան համագործակցության ուղղություններից մեկը ՀՀ-ի հետ աշխատանքն է՝ ՀՀ Կառավարության, բիզնեսի և այլ կազմակերպությունների հետ։
«Հավելյալ մեկ մլն ԱՄՆ դոլար է նախատեսվել հատկացնել Հայաստանին Գլոբալ առողջապահական հիմնադրամի շրջանակում, այդ մասին ավելի վաղ խոսեց ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն, այս նոր գումարը եթե ավելացնենք արդեն իսկ եղած աջակցությանը, ապա ՀՀ-ին հատկացված աջակցությունն այս մասով կկազմի 5,4 մլն ԱՄՆ դոլար։ Իսկ թե ինչպես են տնօրինվում այս միջոցները, դրանք ուղղվում են լաբորատոր կարողությունների ամրապնդմանը և օգնում են ՀՀ կառավարությանը նոր կորոնավիրուսի առավել ծանր դեպքերի բուժօգնությունն ապահովելու համար»,- ասաց դեսպան Թրեյսին։